News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Այրարատ» կինոթատրոնի մոտ 2011 թ. օգոստոսի 17-ին, Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղից ժամադրության եկած Վարուժան Ամիրխանյանը, ով ձեւացրել է, որ բջջայինով նկարում է աղջկան ու, որի դիմաց հետագայում 70 հազար դրամ գումար է պահանջել լուսանկարները չհրապարակելու համար, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով դատապարտվել է տուգանքի` 500 հազար դրամի չափով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

Նրա խոսքով, վերաքննիչ դատարանն այս գործով բողոքը մերժել է եւ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողել ուժի մեջ:

Գեղարոտի գյուղապետ Խորեն Մուրադյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Վարուժանն աշխատասեր եւ հարգված ընտանիքի երեխա է: «Վարուժանի հայրն ու մայրը աչքի են ընկնում իրենց աշխատասիրությամբ եւ համեստությամբ, եղբայրը թագավորի պես տղա է գյուղում, իսկ քույրը հարս է գնացել հենց մեր հարեւանությամբ: Նրա հարսնությունից ես հիացած եմ»,-ասաց նա, հավելելով, որ Վարուժանն անասնապահությունից եւ հողագործությունից ազատ ժամերին զբաղվում է համակարգչով:

Հենց վիրտուալ շփումների միջոցով էլ ծանոթացել է երեւանցի մի աղջկա հետ ու հանդիպել նրան: Հանդիպումներից մեկի ժամանակ Վարուժանը ձեւացրել է, որ նկարում է աղջկան, իսկ արդեն գյուղ վերադառնալուց հետո, մտածել է, որ այդ շփումից կարելի է, ոչ միայն ջերմություն ստանալ, այլեւ ֆինանսական օգուտներ քաղել եւ արդեն հոկտեմբերի 18-ին նա ծանոթուհուց 70 հազար դրամ գումար է պահանջել լուսանկարները չհրապարակելու դիմաց:

Նա սպառնալիքը հեռախոսային հաղորդագրության միջոցով է ուղարկել աղջկան, որից հետո գործին խառնվել են ոստիկանները:

Կենտրոնի քննչական բաժնում Վարուժան Ամիրխանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով: Առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր է ճանաչել, սակայն օգտվելով իր իրավունքից` հրաժարվել է ցուցմունք տալ: Նախաքննության ավարտից հետո գործերն ուղարկվել է դատարան եւ ինչպես նշեցինք դատապարտվել է տուգանքի` 500 հազար դրամի չափով:

Գեղարոտի գյուղապետի փոխանցմամբ, այդ դեպքից հետո ծնողները արգելել են երեխաներին համակարգչից օգտվել: Նրա խոսքով, Վարուժանը շատ լավ երիտասարդ է, ճանճ տրորած չկա:

Հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է նման պատմության մեջ ընկել, գյուղապետը պատասխանեց. «Շատ հեռու չգնանք աղջիկ ջան, այդ տարիքում ձմեռը տակառներից փայտեր էինք հանում, մեզ համար դահուկ էինք սարքում եւ գիշեր-ցերեկ լեռներից, սարերից գլորվում էինք, ձյան մեջ ման գալով: Ամառը լախտի էինք խաղում, չլիկ դաստա, էշ միլիցա եւ այլ բազմաթիվ գեղեցիկ խաղեր: Այնինչ` այսօր մտնում ես Երեւան միայն ակումբներ են: Բացի այդ, կոմպյուտերը մտավ մեր կյանք, ինչի արդյունքում երիտասարդները այսօր մի քիչ լավ չեն ընկալում վիրտուալ աշխարհը»:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ