News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Մաշտոցի այգում շինարարության դեմ բողոքի ակցիաներ կազմակերպող ակտիվիստներից Բայանդուր Պողոսյանը, ով երեկ` փետրվարի 21-ին, 8-օրյա հացադուլ է հայտարարել, ավելի ուշ դադարեցրել է այն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  Բայանդուր Պողոսյանը նշեց, որ իրեն մոտեցել է փոխգնդապետ ոստիկանը եւ ասել, որ ամենավերին ատյաններից հեռախոսազանգ է ստացել եւ հայտնել, որ շինարարությունը դադարեցվում է գոնե մինչեւ շաբաթվա վերջ, երբ իրենք ստանան իրենց փաստաթղթերի պատասխանները: Դրանից բացի` հացադուլը դադարեցնելուն նպաստեց նաեւ այն, որ իր ընկերները սկսեցին հորդորել հացադուլը թողնել ծայրահեղ դեպքերի համար, երբ դիմելու ատյաններ չլինեն:

Նրա խոսքով` այս գիշեր, ժամը 3-ին այցելել է Մաշտոցի այգի, շինարարություն չի եղել, իսկ դա արդեն դրական քայլ է: «Եթե մեզ խաբած լինեն, մեզ ոչ մեկը չի խանգարի տասնապատիկ ավելի մեծ ակցիաներ կազմակերպել, հացադուլ հայտարարել»,- ասաց Բայանդուր Պողոսյանը:

Ավելի վաղ: NEWS.am-ը հայտնել էր, որ Մաշտոցի այգում շինարարության դեմ բողոքի ակցիաներ կազմակերպող ակտիվիստներից մեկը` Բայանդուր Պողոսյանը 8-օրյա հացադուլ է հայտարարել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշել էր, որ միայն ինքն է հացադուլ հայտարարել եւ կոչ չի արել որեւէ մեկին միանալ իրեն, քանի որ հաշվի է առնում իր առողջությունը  եւ դիմացկունությունը, մինչդեռ ցանկացած այլ մարդու վրա դա կարող է  ուրիշ կերպ անդրադառնալ: Նրա նպատակը մեկն է` այգում կասեցնել շինարարությունը:

Նշենք, որ բնապահպան ակտիվիստների ակցիային միացել են բազմաթիվ հայտնի մարդիկ, որոնք եկել են իրենց բողոքը հայտնելու այգում «բուտիկներ» տեղադրելու դեմ: Մասնավորապես, այգի են ժամանել դերասան Հովհաննես Ազոյանը (Հովո), «Կարգին Սերիալ»-ից` Հայկ Մարությանը (Հայկո), դերասաններ Երվանդ Մանարյանը, Աշոտ Ադամյանը, նաեւ հեռուստահաղորդավարներ Նվեր Մնացականյանը (Հ1), Արթուր Կիրակոսյանը («Երկիր մեդիա»), երգիչներ Արթուր Իսպիրյանը, Արսեն Գրիգորյանը եւ այլք:

Հիշեցնենք, որ այս խնդրով «Մենք ենք այս քաղաքի տերը», «Մեր քաղաքը» նախաձեռնությունները եւ բնապահպանական ակտիվիստները մի քանի օր առաջ հանդիպել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, սակայն ընդհանուր հայտարարի չեն եկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ