News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Այս տարի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այս անգամ պայքարը գնալու է երկու իշխանական կուսակցությունների միջեւ՝ ՀՀԿ եւ ԲՀԿ: Այս մասին այսօր՝  փետրվարի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը: Նրանք Հայաստանի տարածքում փետրվարի կեսերին այս թեմայով տարբեր տարիքային եւ սեռային խմբի 1000 մարդկանց շրջանում հարցում են անցկացրել:

Ըստ այդ հարցման արդյունքների՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունն ընտրություններին կլինի առաջին տեղում, «Բարգավաճ Հայաստանը»՝  երկրորդ տեղում, իսկ երրորդ տեղում՝ Հայ ազգային կոնգրեսը, այս երեք կուսակցությունների միջեւ կբաշխվի ձայների 75 տոկոսը: Միեւնույն ժամանակ, Գեւորգ Պողոսյանը շեշտեց, որ ՀՀԿ-ին չի հաջողվի մեծամասնություն կազմել ԱԺ-ում, առհասարակ՝ ձայների  50 տոկոսից ավելին ոչ մի կուսակցություն չի ստանա:

Վերոնշյալ կուսակցություններից հետո, Գեւորգ Պողոսյանի խոսքով, անցնելու շանսեր ունեն  ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», «Օրինաց երկիրը», որոնք իրար մեջ են մրցելու, բայց կարող է նույնիսկ չանցնեն:

Նրա խոսքով՝ տարիների փորձը ցույց է տալիս, որ նախագահական ընտրություններին քաղաքացիներն ավելի ակտիվ են լինում, քան` խորհրդարանականին: Այս անգամ նա կանխատեսեց  55-56 տոկոս մասնակցություն՝ շեշտելով, որ նախորդ տարիների համեմատ աճել է քաղաքացիական ակտիվությունը երիտասարդների շրջանում:

Ընդհանուր առմամբ՝  Պողոսյանի ներկայացմամբ՝  կանխատեսելի արդյունքներով, անսպասելի դեպքերով  դժվար ընտրություններ կլինեն եւ սպասվում է լուրջ պայքար, ամենաանակնկալ կոնֆիգուրացիաների ձեւավորում:

«Ամենակարեւորն այն է, որ պայքարը չվերածվի քաշքուկի, կռիվների, ծեծկռտուքի»,- ասաց Գեւորգ Պողոսյանը՝  հավելելով, որ  ընտրողների մեծամասնությունը չի հավատում, որ կլինեն արդար ընտրություններ: Այս անգամ, բանախոսի կարծիքով, հայ ընտրողը փոխվել է,  նա դարձել է ավելի պահանջկոտ, ավելի քննադատաբար է մոտենում իշխանություններին:

Ամփոփելով՝ Գեւորգ Պողոսյանը նշեց, որ այս ընտրությունների  արդյունքները հիմք կծառայեն՝ կանխատեսելու նախագահական ընտրությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ