News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) որոշել է Հայաստան գործուղել 24 երկարաժամկետ եւ 250 կարճաժամկետ դիտորդներ` մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Այս մասին նշված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հրապարակած զեկույցում, որտեղ ամփոփված են հունվարի 30-ից փետրվարի 1-ը Հայաստանում անցկացված «Կարիքների գնահատման» առաքելության արդյունքները:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, ԺՀՄԻԳ-ը, Հայաստանի իշխանությունների, ընտրական գործընթացի պատասխանատուների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության հետ հանդիպումների արդյունքում ամփոփելով խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանում առկա վիճակը, հանգել է եզրակացության, որ թեեւ ընտրական գործընթացը կարգավորող բարեփոխված օրենսգիրքը ժողովրդավարական ընտրությունների անցկացումն ապահովելու ներուժ ունի, բայց միայն օրենսդրությունը չի կարող դա երաշխավորել:

«Հիմնական մարտահրավեր է մնում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը բոլոր շահագրգիռ կողմերի հավասար եւ պատշաճ մասնակցությունը», - նշված է զեկույցում:

Արձանագրելով, որ իշխանությունների կողմից ընտրությունների նախապատրաստումն ընթանում է բնականոն եւ նորմալ հունով, ԺՀՄԻԳ-ը միաժամանակ նշել է, որ Հայաստանի քաղաքական մթնոլորտը բնորոշվում է իշխանությունների եւ ընդդիմության միջեւ խորը անվստահությամբ, ինչը արտացոլվում է առաջիկա ընտրությունների վերաբերյալ նրանց սպասելիքներում:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հիմնականում ընդդիմադիր զրուցակիցները «մտահոգություն են հայտնել բազմակի քվեարկությունների, վարչական ռեսուրսների չարաշահման հնարավորության եւ ընդդիմադիր կուսակցություններին սատարող գործարարների նկատմամբ հնարավոր ճնշումների առնչությամբ»:

«Մեր զրուցակիցները տարբեր կարծիքներ են հայտնել ընտրական գործընթացի պատասխանատուների վստահելիության վերաբերյալ` վստահության լիարժեք բացակայությունից մինչեւ համոզմունք, որ ընտրական հանձնաժողովները կգործեն պրոֆեսիոնալ, թափանցիկ եւ հաշվետու», - նշում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը` ընդգծելով, որ «առաջին անգամ հնարավոր է լինելու ընտրողների ցուցակները ներբեռնել ինտերնետից, բայց ընդդիմության ներկայացուցիչները մտահոգված են ցուցակներում հնարավոր չարաշահումների կապակցությամբ»:

Անդրադառնալով բարեփոխված Ընտրական օրենսգրքի այն պահանջին, որ բոլոր տեղական դիտորդները պետք է որակավորման սերտիֆիկատներ ստանան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից թեստավորման արդյունքներով, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մեջբերում է իրենց հետ զրույցներում արտահայտված այն մտահոգությունը, որ դա վարչական խոչընդոտ է եւ կարող է բացասական ազդեցություն ունենալ դիտորդական առաքելության վրա:

Հայաստանի լրատվական դաշտը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի բազմաթիվ զրուցակիցների կողմից բնորոշվել է որպես «կողմնակալ»: «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն է ընտրարշավի լուսաբանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող պատասխանատու մարմինը: Բայց դեռ հստակ չէ, թե ինչպես է հանձնաժողովը վերահսկելու Հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն, որոնք հատուկ պարտավորություններ ունեն պաշտոնական քարոզարշավի ժամանակ», - նկատում են զեկույցի հեղինակները:

Ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունները արտահայտել են թափանցիկ եւ ԵԱՀԿ-ի չափանիշներին համապատասխան ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու իրենց հստակ մտադրությունը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը տեղեկացնում է, որ երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնողները պետք է հետեւեն թեկնածուների գրանցման գործընթացին, ընտրարշավին, իսկ կարճաժամկետ դիտորդները կհետեւեն քվեարկությանը, հաշվարկին եւ արդյունքների ամփոփմանը:

«Հայաստանի իշխանությունները պաշտոնապես տեղեկացրել են, որ հրավերը կուղարկվի ընտրությունների եւ քարոզարշավի ժամկետների պաշտոնական հրապարակումից անմիջապես հետո», - նշված է փաստաթղթում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ