News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Կահիրեի Համալսարանում, փետրվարի 22-ին, տեղի է ունեցել Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանի դասախոսությունը՝ նվիրված Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դասախոսությունը, որին ներկա էին համալսարանի տարբեր ֆակուլտետների բազմաթիվ ուսանողներ եւ պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի անդամներ, կազմակերպել էր Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնը:

Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան Բանասիրության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Մոթազ Սայիդ Աբդալլահը եւ Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Մահմուդ Ալավին:

Իր ելույթում դեսպան Մելքոնյանը հանգամանալից ներկայացրեց հայ-եգիպտական հարաբերությունների անցած ուղին ու զարգացման հեռանկարները: Նա նշեց, որ 1992թ. երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից եւ միմյանց մայրաքաղաքներում դեսպանությունների հիմնադրումից հետո հայ-եգիպտական համագործակցությունը ձեռք է բերել նոր որակ` ընդգրկելով տարատեսակ ոլորտներ:

Խոսելով երկու բարեկամ ժողովուրդներին մերձեցնող պատմա-մշակութային հենքի մասին` դեսպան Մելքոնյանն ընդգծեց, որ «հայ ժողովուրդն երբեք չի մոռանա, որ Ցեղասպանությունից մազապուրծ եղած նրա հազարավոր զավակներն ապաստան գտան արաբական երկրներում, այդ թվում` Եգիպտոսում: Եգիպտացի եղբայրների եւ քույրերի հոգատար եւ սրտացավ վերաբերմունքի շնորհիվ նրանք կարողացան ապաքինել իրենց վերքերը, ինտեգրվել նոր միջավայրում եւ իրենց ավանդը բերել այդ հյուրընկալ երկրի հասարակական կյանքին` միաժամանակ պահպանելով հայկական ուրույն ազգային դիմագիծը»:

Արմեն Մելքոնյանն անդրադարձավ նաեւ Խորհրդային Միության փլուզման շրջանում Հայաստանի ունեցած մարտահրավերներին` Լեռնային Ղարաբաղի շուրջ պարտադրված պատերազմին, շրջափակմանը, տնտեսական ճգնաժամին, եւ դրանց հետեւանքների հաղթահարմանն ուղղված ջանքերին, խոսեց անկախության տարիներին ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների եւ այլ ձեռքբերումների մասին:

Ինչ վերաբերում է Եգիպտոսում տիրող իրավիճակին, ապա դեսպանը համոզմունք հայտնեց, որ հսկայական ներուժ ունեցող այդ երկիրը կկարողանա կարճ ժամանակահատվածում հաղթահարել անցումային շրջանի բոլոր դժվարությունները եւ ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով հասնել իր ժողովրդի իղձերի իրականացմանը:

Դեսպան Մելքոնյանը պատասխանեց ներկաների հարցերին, իսկ վերջում, որպես գնահատանք Կահիրեի Համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի գործունեության` նրա տնօրենին նվիրեց հայ-եգիպտական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը խորհրդանշող հուշապնակ:

 Նշենք, որ Կահիրեի Համալսարանը հիմնադրվել է 1908թ. եւ հանդիսանում է Մերձավոր Արեւելքի խոշորագույն բարձրագույն կրթական հաստատությունը: Այն ունի ավելի քան 250 հազար ուսանող եւ 13 հազար դասախոս: Միայն Բանասիրական ֆակուլտետում, որի կազմում 2007թ. ի վեր գործում է  Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնը, սովորում է մոտ 20 հազար ուսանող:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ