News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Օրեր առաջ Իջեւան քաղաքի ավագանու հերթական նիստի ժամանակ ավագանու անդամները վիճաբանել են «Իջեւան» հեռուստաընկերության օպերատորի ու տնօրեն Նաիրա Խաչիկյանի հետ, ով այդ պահին որպես լրագրող է ներկայացել: Ավագանու անդամներից մեկը հայհոյել է լրագրողին ու հարձակվել օպերատորի վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նաիրա Խաչիկյանը, մանրամասնելով կատարվածը. «Փետրվարի 21-ին ժամը երեկոյան 17:00-ին հրավիրված էր Իջեւան քաղաքի ավագանու արտահերթ նիստ, որին ներկայացել էր նաեւ Իջեւան հեռուստաընկերությունը: Ես տնօրենն եմ, բայց քանի որ լրագրող չկար, ես ներկայացա օպերատորիս հետ միասին»: Լրագրողի պատմելով, քաղաքապետարանի միջանցքում իրեն են մոտեցել ավագանու անդամները ու ասել, որ ինքը միակողմանի նյութեր է եթեր հեռարձակում, ինչը վատ է անդրադառնում ներկայիս քաղաքապետի համբավի վրա:

«Այդ պահին եկավ ավագանու անդամ Վարդան Օրդինյանը ու սկսեց սեռական բնույթի հայհոանքներ տալ, նույնիսկ մայր հայհոյեց, հետո հարձակվեց օպերատորիս վրա ու հրեց աստիճաններից»,-ասաց նա:

Նաիրա Խաչիկյանի փոխանցմամբ, վիճաբանության ընթացքում այլ մարդիկ են մոտեցել ու հանգստացրել ավագանու անդամներին:

Լրագրողը կատարվածի հետ կապված հաղորդում է ներկայացրել Տավուշի մարզային ոստիկանության Իջեւանի բաժնում ու ակնկալում է, որ մեղավորները կպատժվեն:

NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում Իջեւան քաղաքի ավագանու անդամ Վարդան Օրդինանը հերքեց կատարվածը, ասելով, որ որեւէ միջադեպ այդ օրը չի եղել իրենց եւ «Իջեւան» հեռուստաընկերության նկարահանող խմբի  միջեւ: «Քանի որ ավագանու նիստին քվորում չէր ապահովվում, դուրս եկա միջանցք ծխելու, Նաիրա Խաչիկյանը կանգնած էր այնտեղ, ընդամենն ասել եմ, որ քվորում չլինելու պատճառով նիստ տեղի չի ունենում ու նկարելու ոչինչ չկա, ուրիշ ոչ մի բան չի եղել»,-ասաց Վարդան Օրդինյանը, նշելով, որ իրեն դեռ չեն կանչել ոստիկանություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ