News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Հայ առաքելական սուրբ եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի  եւ Վրաստանի հայ նկարիչների միության նախաձեռնությամբ, փետրվարի 24-ին, Վրաստանում ՀՀ դեսպանության եւ «Հայարտուն» կենտրոնի հոգաբարձուների խորհրդի աջակցությամբ ,Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում բացվել է թբիլիսահայ գեղանկարիչ Գիորգի Մանոյանի անհատական ցուցահանդեսը:

Կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահի պատերը զարդարած յոթ տասնյակից ավելի  յուղաներկ եւ մատիտանկար աշխատանքները ճանաչված գեղանկարչի մտորումների, հուզական աշխարհի եւ երեւակայական  պատկերների արտահայտությունն է կտավի վրա: 

Ցուցահանդեսը բացել է «Հայարտուն» մշակույթի կենտրոնի մշակույթի բաժնի պատասխանատու Լեւոն Չիդիլյանը: Ներկա էին Վիրահայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը,Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության աշխատակից Արտակ Ղալաչյանը, «Կամուրջ» գրական-մշակութային կազմակերպության  նախագահ Անահիտ Բոստանջյանը, Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ Ռուբեն Թորոսյանը, նկարիչ Ջովաննի Վեփխվաձեն, հավաքորդ Ալեքսան Պիրադովը, նկարչի գործընկերները, արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ:

Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը Գիորգի Մանոյանին արժեւորել է որպես  երաժշտական հանգերով ստեղծագործող  հոգեբան նկարչի, ինչը փայլուն կերպով երեւում է նրա աշխատանքներում:

ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, քանդակագործ Լեւոն Օսիպովը, հանգամանալից խոսելով  ցուցադրված նկարնների մասին,  Մանոյան նկարչին անվանել է գունային գամմայի փայլուն գիտակ, որի կերտած բնանկարները  հետաքրքիր են, դիմանկարները՝ խորը, նատյուրմորտները՝ իրական եւ հյութեղ:

Բոլոր ելույթ ունեցողները ընդգծել են Մանոյան ստեղծագործողի  արվեստի անմիջականությունը,  գծանկարների առանձնահատուկ զարգացումը, գեղանկարչության յուրահատկությունը:

Վիրահայոց Թեմի Առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր օրհնության եւ գնահատանքի խոսքում  Գիորգի Մանոյանին անվանել է մարդ մեծատառով՝ քանզի նա գովելի է իր ստեղծած գեղեցիկ ընտանիքով, դաստիարակած որդիներով,  ընկերասիրությամբ, հոգեւոր կյանքին նվիրվածությամբ եւ ազգասիրությամբ:

Թբիլիսյան կոլորիտի վերարտադրող գեղանկարիչ Մանոյանը մատենագրի ջանասիրությամբ  անմահացնում է Թբիլիսիի հայկական  հոգեւոր կոթողների պատկերները:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ մարտի 2-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ