News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Մեծամասնական ընտրակարգը ընտրական կոռուպցիայի ամենասարսափելի օղակն է: Այդ մասին Ազգային ժողովի դարպասների առջեւ ՀՅԴ-ի, Հայ ազգային կոնգրեսի եւ ընդդիմադիր այլ ուժերի կազմակերպած բողոքի ակցիային ասել է ՀԱԿ գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

«Քաղաքացիներն իրենց մաշկի վրա են զգացել, թե ինչ է դա նշանակում: Դա մի օղակ է, որով տեղական օլիգարխների, հեղինակությունների` գողական, օգտագործում են ժողովրդին ահաբեկելու, ժողովրդի նկատմամբ տարբեր տեսակի ճնշումներ գործադրելու նպատակով: Այդ օղակը պետք է ջարդել»,- նկատեց Զուրաբյանը եւ հավելեց. «Բայց եթե համառեն, մենք այդ մարտահրավերն ընդունում ենք եւ պատրաստ ենք այդ օղակում էլ նրանց դեմ պայքարել: Եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ բոլոր ընտրատարածքներում առաջադրենք մեր թեկնածուներին, եթե իհարկե չհասնենք բացառապես համամասնական տարբերակի ընդունմանը»:

NEWS.am-ի թղթակցի հարցին` հնարավոր է արդյոք հասնել հաջողության 100 տոկոսանոց համամասնականի հարցում, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես կարծում եմ` եթե երեք ուժերի միջեւ կարողանայինք ավելի շուտ եւ ավելի արդյունավետ մեխանիզմ ստեղծեինք, այսօր այստեղ կլիներ 10 անգամ ավելի շատ մարդ: Բայց անգամ այն, ինչ տեղի է ունենում, ես ընդունում եմ որպես կարեւորագույն զարգացում երկրի քաղաքական գործընթացներում, որովհետեւ, ինչ-որ առումով, սա էլ է աննախադեպ, որ փողոցում այս երեք ուժերը, բազմաթիվ այլ կազմակերպություններ եւ քաղաքացիներ միասին պայքարեն կոռուպցիոն համակարգի կազմաքանդման համար: Սա խոստումնալից սկիզբ է, եւ մեր հաջողությունների նախադրյալն է ստեղծում»:

Նշենք, որ Ազգային Ժողովն այս պահին քննարկում է ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» ներկայացրած օրինագիծը` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու մասին:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ