News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մենք ունենք անվստահելի շուկա, բայց քայլեր արվում են, որպեսզի այն հնարավորինս վստահելի դառնա: Այս մասին այսօր՝  փետրվարի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը`  հավելելով, որ ըստ օրենսդրության՝  դաշտը նորմալ է, բայց կան թերություններ: Նա նշեց, որ բավարարված են Սննդի անվտանգության պետական ծառայության անցյալ տարվա կատարած աշխատանքներից, բայց իրենք էլ իրենց ուսումնասիրություններն են կատարում: 

Հարցին, թե տարեվերջին խոստացած ասուլիսը, որի ժամանակ պետք է ամփոփեին իրենց ուսումնասիրությունների արդյունքները, ինչո՞ւ չի կայացել, Սպառողների ազգային ակադեմիայի մոնիթորինգի եւ մարքեթինգի բաժնի պետ Ֆրունզե Հայթյանը պատասխանեց, որ ուսումնասիրությունները շարունակվում են, դրանք ընդմիշտ են, իսկ եռամսյակը մեկ ամփոփումներ անում են իրենց ամսագրում: Այնուհանդերձ, նրա խոսքով, բավականին շատ խախտումներ են հայտնաբերվել հացաբուլկեղենի ոլորտում, մասնավորապես` ոչ ճիշտ մակնշում, հավելանյութերի օգտագործում եւ այլն:  Ասուլիսի ընթացքում լրագրողներն անընդհատ խնդրում, պահանջում էին կոնկրետ տվյալներ հաղորդել, անուններ նշել, ինչ խախտումներ եւ որտեղ են հայտնաբերվել, սակայն  բանախոսը այդպես էլ դա չարեց` նշելով,  թե կոնկրետ անուններ չի տա` խորհուրդ տվեց դրանք պահանջել պետական մարմիններից:

Ասուլիսի մյուս բանախոսը` Սննդի անվտանգության պետական ծառայության  պետի մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանը նշեց, որ այժմ ստուգումներ են իրականացվում «Արաքս» ընկերությունում, որոնք կավարտվեն մարտի 7-ին:  Այդտեղ հայտնաբերվել են սխալ մակնշված ապրանքներ: Նրա փոխանցմամբ` մշտադիտարկումներ չեն արվել, որովհետեւ այսօր միայն արձանագրում են, իսկ օրեր անց օրենքի ընդունումից հետո հնարավորություն են ունենալու շուկայից դուրս բերելու ժամկետանց մթերքը: Դրանից բացի` այժմ լաբորատորիաների մրցույթներ են ընթանում եւ ոլորտային ստուգումներ կիրականացվեն դրանից հետո: Իսկ ծառայության թեժ գծին ստացվող զանգերին 3 օրվա ընթացքում տրվում են համապատասխան լուծումներ:

Անդրադառնալով հարցին, թե ինչու է Բաբկեն Պիպոյանը Սննդի անվտանգության ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանից ավելի շատ ասուլիսներ տալիս, Պիպոյանը պատասխանեց, որ առաջիկա 15-20 օրերի ընթացքում նա եւս ասուլիս կտա, իսկ այսօր ներկա է, որովհետեւ հասարակական կազմակերպությունն անպայման ցանկացել է, որ իրենցից էլ ներկայացուցիչ լինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ