News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2011թ-ին  ԼԳԲՏ (լեզբուհիներ, գեյեր, բիսեքսուալներ, տրանսգենդերներ) ավելի քան 200 անձինք են օգտվել «Փինք Արմենիա» ՀԿ-ի ծառայություններից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Փինք Արմենիա» ՀԿ-ի ծրագրի համակարգող Մարինե Մարգարյանը:

Կազմակերպությունը 2011թ-ին հարցումներ է անցկացրել  նաեւ ԼԳԲՏ անձանց հանդեպ հանրային վերաբերմունքը Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում պարզելու համար:  Ըստ հետազոտության արդյունքների` հարցվածների ընդամենը 6.3%-ն է ԼԳԲՏ անձանց համարում խոցելի խումբ Հայաստանում:

Հարցվածների 18.6%-ը «ոչ ավանդական» սեռական կողմնորոշումը հիվանդություն է համարում, 72,1%-ը բացասական վերաբերմունք ունի այս սոցիալական խմբի նկատմամբ: Հետեւաբար, հարցվածների 52,7%-ը կարծում է որ ԼԳԲՏ անձ լինելը հարիր չէ հայ ազգին, 66,9%-ը կարծում է, որ ԼԳԲՏ անձինք պետք է  դատապարտվեն հասարակության կողմից: Հարցվողները, որոնք ունեն անհանդուրժող վերաբերմունք եւ դիրքորոշում ԼԳԲՏ անձանց նկատմամբ, զերծ են մնում նրանց հետ շփումից: Նրանցից 55.3%-ը, եթե իմանար, որ իր ծանոթը, ընկերը կամ բարեկամը  ԼԳԲՏ անձ է, կդադարեցներ նրա հետ շփումը: ԼԳԲՏ անձանց նկատմամբ իրենց վերաբերմունքն արտահայտած հարցվողների 87,6%-ը նշել են, որ չեն օգտվի այն սպասքից, որից նախկինում օգտվել է ԼԳԲՏ անձը:

Հետազոտության արդյունքներից կարելի է եզրակացնել, որ ընդհանուր առմամբ հարցվածների 49,6%-ը հանդուրժող չեն ԼԳԲՏ անձանց նկատմամբ: Հարցվողների 71.5%-ը կարծում է, որ պետությունը պետք է պայքարի նրանց դեմ:

Ուշագրավ է այն, որ այս համատեքստում հարցվողները ոստիկանությանը առավել շատ դիտարկում են ոչ թե որպես իրավապահ, այլ մարդու իրավունքների դեմ պայքարող մարմին: ՀԿ-ն արձանագրում է, որ Հայաստանում ԼԳԲՏ անձանց ծաղրում են, նրանք հաճախ ենթարկվում են ոտնձգությունների հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում, հատկապես այն դեպքերում, երբ նրանց արտաքին տեսքը համապատասխանում է ԼԳԲՏ անձանց վերաբերյալ հասարակության մեջ առկա կարծրատիպերին եւ նախապաշարմունքներին:

Հասարակության արձագանքը նրանց նկատմամբ կարող է տատանվել կոպիտ անուններ կոչելուց մինչեւ ֆիզիկական բռնության կիրառում, որը կարող է դրսեւորվել մեկանգամյա գործողությամբ կամ կրի մշտական բնույթ հարեւանների կամ բարեկամների, նույն սոցիալական միջավայրի մարդկանց կողմից: Այս դեպքերում բռնության կամ չարաշահումների զոհերը հրաժարվում են դիմել իրավապահ մարմիններին` փաստելով, որ այդ ամենը կշարունակվի այնտեղ: Այսպիսի դեպքերի վկայությունը կարող են գտնվել այն դեպքերում, երբ շահառուները դիմում են ՀԿ-ներին:  Շատերին իրենց սեռական կողմնորոշման պատճառով դուրս են թողել համալսարանից դասախոսների դիրքորոշումն այն է, որ դա այլասերվածություն է: Աշխատանքի անցնելը ԼԳԲՏ մարդկանց համար մնում է կյանքի ամենախնդրահարույց ասպեկտներից մեկը, քանի որ գործատուները հրաժարվում են աշխատանքի վերցնել մեկին, ով չի թաքցնում իր սեռական կողմնորոշումը, կանացի է (գեյ) կամ տղամարդկային (լեսբուհի): Տրանսգենդեր անձինք հնարավորություն չունեն արտահայտելու իրենց գենդերային ինքնությունը, եւ չկա համապատասխան օրենք, որը թույլ կտա տրանսսեքսուալ մարդկանց փոխել իրենց սեռը:

Բանակում գոյություն ունեցող չգրված օրենքների պատճառով, որոնք ԳԲՏ խմբի մարդկանց նկատմամբ սերմանում են խտրական մոտեցում, այդ համակարգը  դարձնում են ամենախնդրահարույց կառույցներից մեկը: Ի տարբերություն նախորդ տարիների, 2011թ-ին  եկեղեցին անդրադարձավ մեր հասարակությունում ԼԳԲՏ մարդկանց հիմնահարցին եւ´ ԶԼՄ-ների, եւ´ մոլությունների թեմայով քննարկման կազմակերպմամբ` այդ թվում ներառելով նույնասեռականությունը, որպես մոլուցքի տեսակ: Եկեղեցու մոտեցումը նույնասեռականների նկատմամբ այն է, որ նրանք Հայաստան են ներխուժել «Արեւմտյան ուժերի» միջոցով, որպեսզի ոչնչացնեն հայկական ավանդույթներն ու արժեքները: Հիմնական զուգահեռներն անցկացվում են «Սոդոմի եւ Գոմորի» հետ, եւ նույնասեռականությունը  ներկայացվում է որպես Սոդոմական մեղք: Այնինչ` ԼԳԲՏ-ները դժգոհում են, որ իրենց իրավունքները պաշտպանված չեն, ինչի արդյունքում բռնությունների են ենթարկվում:

«Փինք Արմենիա» ՀԿ-ի ծրագրի համակարգող Մարինե Մարգարյանը, բերելով բռնության դեպքերից մեկի օրինակը, նշեց, որ վերջերս, երբ գեյ տղան բարում է եղել, հաճախորդներից մեկը, ով իմացել է, որ նա գեյ է, մոտեցել է նրան, կողքը թքել ու հարվածելով կոտրել քիթը: Գեյ երիտասարդը ելնելով նրանից, որ ոստիկանությունում այդ ամենը պետք է բացատրեր եւ մանրամասն նկարագրեր, չի դիմել ոստիկանություն:

Հարցին, թե ավելի շատ տղամարդի՞կ, թե՞ կանայք են բռնության ենթարկվում, Մարինե Մարգարյանը պատասխանեց. «Մեզ ավելի շատ դիմում են տղամարդիկ բռնության դեպքերով: Այսպես ասեմ. մեզ դիմում են տարբեր հարցերով, թե սեռական առողջության հիմնախնդիրներով, թե պահպանակներ ստանալու, թե իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար: Իսկ առհասարակ դիմումների թիվը ինչպես նշեցի մոտավորապես 200-ից ավելի է 2011թ-ի ընթացքում»: Ի դեպ, Մարինե Մարգարյանը նշեց, որ ոչ մի երկրում վիճակագրություն հնարավոր չէ գտնել, թե ԼԳԲՏ անձինք քանի տոկոս են կազմում, միջինացված հաշվարկներով ասվում է, որ գեյերը 4-6 տոկոսն են կազմում ցանկացած հասարկությունում, իսկ լեզբուհիները` 3-4 տոկոսը:

Տպել
Ամենաշատ