News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիան կշարունակի Ֆրանսիայի դեմ պատժամիջոցները, քանի դեռ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը մնում է օրակարգում: Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Բյուլենտ Արընչը: 

Փոխվարչապետը նշել է, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը, որը անվավեր է համարել Օսմանյան կայսրությունում Ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրենքը, «ուրախալի»  փաստ է համարվում:  «Սակայն պատժամիջոցները կշարունակվեն, որպեսզի Նիկոլա Սարկոզին խորհրդարանի օրակարգում նորից չընդգրկի օրենքը», - Ասել է Արընչը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ինչպես ավելի վաղ գրել էր  NEWS.am-ը, ցեղասպանությունների, այդ թվում` հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը հայտնի է նաեւ Բուայեի օրենք անվանումով, Ֆրանսիայի Ազգային ժողովում ընդունվել էր դեկտեմբերի  22-ին, վավերացվել Սենատի կողմից` հունվարի  23-ին:

Դրանից հետո ֆրանսիացի սենատորների մի խումբ օրենքը վիճարկել էր Սահմանադրական խորհրդում, որն էլ այն փետրվարի 28-ին ճանաչել էր հակասահմանադրական:

Իր հերթին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին արդարադատության նախարարին հանձնարարել է օրինագծի նոր տեքստ պատրաստել` հաշվի առնելով Սահմանադրական խորհրդի դիտողությունները:

Դեռ նախորդ տարի խորհրդարանի ստորին պալատում օրինագծի քննարկումների ժամանակ Թուրքիան մի շարք սահմանափակումներ էր մտցրել Ֆրանսիայի հետ հարաբերություններում: Այսպես, դեկտեմբերին դադարեցվել են Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական եւ տնտեսական ոլորտներում ունեցած կապերը, հետաձգվել են քաղաքական խորհրդատվական բնույթի հանդիպումները, զորավարժությունները: Անկարան խոստանում է փուլ առ փուլ նոր պատժամիջոցներ կիրառել` կախված օրինագծի շուրջ իրավիճակի զարգացումից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ