News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Էներգակիրների դիմաց «Նաիրիտ գործարան» ՓԲԸ պարտքը 2011թ. վերջի դրությամբ կազմում է  8,991 մլրդ դրամ (մոտ 23,1 մլն դոլար): Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Մասնավորապես  «Երեւանի ՋԷԿ-ին» ունեցած պարտքը կազմում է 6,592 մլրդ, «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության պարտքը` 1,061 մլրդ,  «Հայռուսգազարդինը»` 1,338 մլրդ դրամ: 2010թ. ապրիլից գործարանը դադարեցրել է արտադրությունը:

Հիշեցնենք, որ համաձայն ընկերության հաշվետվության, 2010 թ-ին  իրացված արտադրանքի ծավալը կազմել է  մոտ  4,2  մլրդ դրամ: Ինչպես հայտնեցին գործարանի մամուլի ծառայությունից, արտադրանքի պաշարները գրեթե ամբողջությամբ իրացվել են, իսկ վաճառքը 2011թ-ին մեծ չի եղել:

Հաշվետվության մեջ նշվում է, որ զարգացման ծրագրի իրականացման համար գործարանին անհրաժեշտ է 400 – 500 մլն դոլար: Ինչպես հաղորդվել էր,  ձեռնարկությունում ստուգումներ էին իրականացրել կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեն եւ Ֆինանսների նախարարության ներքին աուդիտի բաժինը`ձեռնարկության նոր օպերատորին նրա ֆինանսական վիճակի մասին տվյալներ ներկայացնելու համար:

Նշենք, որ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը գործարանը կառավարղ ընկերություն է ընտրում: Հետաքրքրություն են դրսեւորել գերմանական  CSC  եւ ռուսաստանյան ITERA ընկերությունները: 2011թ. հոկտեմբերին գործարան են այցելել ITERA-ի ներկայացուցիչները` առաջարկելով անկախ ընկերության մասնակցությամբ համալիր աուդիտ իրականացնել:

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ գլխավոր բաժնետերը (բաժնետոմսերի 90%-ը) Մեծ Բրիտանիայում գրանցված Rhinoville Property Ltd UK-ն է, մնացած 10%-ը պատկանում է պետությանը` ի դեմս Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության (4,5%), «Հայգազպրոմ» ՓԲԸ-ի (3,6%)  եւ «Երեւանի ՋԷԿ» ՓԲԸ-ի (1,9%):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ