News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մարտի 7-ին, հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ, որի ավարտին նրանք լրատվամիջոցների առջեւ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Ստորեւ ներկայացնում ենք Սերժ Սարգսյանի հայտարարությունը Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ հանդիպման ավարտին:

«Ուրախ եմ պարոն Շուլցին իր նոր պաշտոնում հանդիպելու եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու համար:

Կցանկանայի մեկ անգամ եւս շնորհավորել Ձեզ Եվրոպական խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում նոր հաջողություններ կգրանցվեն ԵՄ-ի հետ մեր հարաբերություններում թե՛ խորհրդարանական, եւ թե՛ գործադիր մակարդակներում:

Մենք կարեւորում ենք Եվրոպական խորհրդարանի դերակատարությունը Հայաստան-ԵՄ խորացող համագործակցության համատեքստում: Դինամիկ զարգացում են ապրում Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական կապերը, ինչպես երկկողմ` Հայաստանի Ազգային ժողովի եւ Եվրախորհրդարանի միջեւ, այնպես էլ բազմակողմ՝ Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի` Եվրանեստի  ձեւաչափերում:

Բոլորովին վերջերս` փետրվարի 22-23-ին, Երեւանում տեղի ունեցավ Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերով ենթակոմիտեի նիստը, որը այս կառույցի առաջին հանդիպումն էր գործընկեր երկրում: Հավատացած ենք, որ Եվրանեստը կլինի այն հարթակը, որի շրջանակներում կարող են լավ հնարավորություններ ստեղծվել ինչպես երկկողմ միջխորհրդարանական կապերի, այնպես էլ եվրոպական պառլամենտարիզմի լավագույն փորձի փոխանակման համար: Ուրախ էինք նաեւ նույն ժամանակահատվածում մեզ մոտ հյուրընկալել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը:

Նախագահ Շուլցի հետ քննարկեցինք Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգում առկա հարցերի լայն  շրջանակ: Պարոն Շուլցին ներկայացրեցի մեր երկրում լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու մեր հանձնառությունը, ինչպես նաեւ Եվրոպական հանձնաժողովի եւ Հայաստանի կառավարության միջեւ բարեփոխումների խթանմանն ուղղված նպատակային աջակցություն ապահովելու քայլերը:

Երկուստեք գոհունակությամբ ընդգծեցինք վերջին ժամանակաշրջանում ԵՄ-ի հետ մեր հարաբերություններում արձանագրված առաջընթացը, ներառյալ Ասոցացման համաձայնագրի, Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու, ԵՄ երկրներ մուտքի վիզաների դյուրացման եւ ոլորտային համագործակցության բնագավառներում: 

Անդրադարձ կատարեցինք Հայաստանում  առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Ուրախ եմ, որ ի թիվս այլ միջազգային դիտորդների, հայաստանյան ընտրությունները կդիտարկի նաեւ Եվրոպական խորհրդարանի դիտորդական առաքելությունը:

Նախագահ Շուլցին տեղեկացրեցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում տեղի ունեցած  վերջին զարգացումների մասին: Նշեցի, որ հայկական կողմը հարցի լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացի շրջանակներում: Եվ բանակցությունների այլընտրանքային ֆորմատներ ստեղծելու ոմանց փորձերը, ինչպես նաեւ ոչ հավասարակշռված ձեւակերպումներ պարունակող բանաձեւեր ընդունելու փորձերը միայն վնասում են բանակցային գործընթացը: Մենք ողջունել ենք վերջերս ընդունված ԵՄ խորհրդի եզրակացությունները, որոնցում նշվում է նաեւ Լեռնային Ղարաբաղ ԵՄ ներկայացուցիչների այցելությունների անհրաժեշտության մասին: Հայաստանը բազմիցս նշել է, որ Լեռնային Ղարաբաղը Եվրոպայի մաս է, կրողն է այն արժեքների, որոնք կրում է Եվրոպան, եւ վաղուց հասունացել է անմիջական շփումների պահը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ