News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Իսրայելցի երկու գիտնականների` Հաննա Կոտոն Պալտիելի եւ Ջոնաթան Փրայսի ղեկավարությամբ իրականացվող միջազգային հավակնոտ` «Corpus Inscriptionum Iudaeae/Palaestinae» ծրագրի նպատակն է վերլուծել եւ կատալոգով հրապարակել  Իսրայելում գտնվող յուրաքանչյուր հնագույն արձանագրություն:

Ինչպես հաղորդում է իսրայելական «Haaretz» պարբերականը, ծրագրի աշխատանքներն սկսվել են 1999թ-ին եւ, ակնկալվում է, որ կավարտվեն 2017 թ-ին: Արդյունքում Իսրայելի տարածքում գտնվող բոլոր հնագույն արձանագրությունները կհավաքվեն  մեկ ժողովածուում: Յոթհատորանի աշխատանքում կզետեղվի հսկայածավալ տեղեկատվություն, որը մինչ այժմ կազմված է եղել մասնակի, ցաքուցրիվ տարրերից. կներկայացվեն մինչ այժմ երբեւէ չհրապարակված արձանագրությունները, ինչպես նաեւ կտրվի գիտնականներին արդեն  հայտնի արձանագրությունների ժամանակակից մեկնաբանությունների լայն սպեկտրը:Նշվում է, որ որոշ տեքստեր կազմված են տասը տողից, որոշները` մեկ բառից: Դրանք ավելի քան 10  լեզուներով են, այդ թվում` հրեական, հունական, լատինական, արամեական: «Վրացիներ, հայեր, հռոմեացիներ, հույներ, սիրիացիներ. բոլորը, ովքեր եղել են այստեղ, իրենց հետքն են թողել, ոչ միայն հրեա ժողովուրդը»,-ասել է Կոտոն Պալտիելը:

Նմանտիպ ծրագրերում մինչ այժմ ընդունված էր  արձանագրությունները դասակարգել ըստ լեզուների եւ տպագրել առանձին, սակայն, գիտնականի խոսքով, այդ դասակարգումը հնաոճ է: «Մենք դրանք ներկայացնելու ենք միասին, քանի որ դրանք տարբեր հանրությունների եւ մշակույթների իսկական արտահայտություն են, որոնք գոյություն են ունեցել մեր տարածաշրջանում եւ արժանի են հավասար ներկայացված լինելու»,-նշել է նա:Գիտնականների խնդիրներից մեկը եղել  է Երուսաղեմում գտնվող բոլոր կրոնական հաստատությունների հետ կապ հաստատելը:  Հունական պատրիարքը, օրինակ, իրենց ենթակայության տակ գտնվող եկեղեցիների եւ վանական համալիրների մուտքի թույլտվություն է տվել, անգամ` Տիրոջ շիրիմի եկեղեցու:

«Այցի գագաթնակետն այն ժամանակ էր, երբ մտանք հանրության համար փակ սենյակ, որի բանալին գտնվում էր միայն  հայ հոգեւորականի մոտ: Նա բացեց դուռը եւ մենք տեսանք հայտնի լատիներեն արձանագրությունը` թողնված քրիստոնյա ուխտավորների կողմից»,-հուզված պատմել է Կոտոն Պալտիելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ