News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմում է 2011-2012 թթ արտադրության ծավալների մասին: Ընկերությունում մտադիր են հանքանյութի վերամշակման ծավալները հասցնել տարեկան մինչեւ 25 մլն տոննայի` ներկայիս 15-17 տոննայի դիմաց: Համապատասխան նախագծի շուրջ պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» շահագործում է Քաջարանի հանքավայրը, որը Հայաստանում պղնձի եւ մոլիբդենի խոշորագույն հանքավայրն է: Կոմբինատի բաժնետերերն են գերմանական «Cronimet Mining»-ը (60%), «Երեւանի մաքուր երկաթի գործարանը» (15%), «Armenian Molybdenum Production» ընկերությունը եւ «Զանգեզուր Մայնինգ» ընկերությունը (12,5-ական տոկոս):

Ինչպիսի՞ն է եղել արդյունահանման եւ վերամշակման ծավալները 2011 թվականին:

2011 թվականի ընթացքում մենք վերամշակել ենք 15 մլն տոննա հանքաքար: 2012-ին նախատեսում ենք 17 մլն տոննա: 2011 թվականին մենք արտադրել ենք շուրջ 90 հազար տոննա պղնձի խտանյութ` միջինը 26,5 տոկոս պարունակությամբ եւ 9100 տոննա մոլիբդենի խտանյութ` 49 տոկոս պարունակությամբ: Այս տարի մենք պատրաստվում ենք արտադրել մոտ 120 հազար տոննա պղնձի խտանյութ եւ ավելի քան 10 հազար տոննա մոլիբդենի խտանյութ:

Մոլիբդենի խտանյութը վերամշակվում է Հայաստանում. 60 տոկոսը «Մաքուր երկաթի գործարանում», իսկ 40 տոկոսը` «Armenian Molybdenum production» ընկերությունում:

Ինչ վերաբերում է պղնձի խտանյութին, այս տարի մենք նախատեսում ենք մոտավորապես կրկնապատկել դրա մատակարարումները Ալավերդու` ACP ընկերության պղնձաձուլական գործարան: Համապատասխան պայմանագիրն արդեն ստորագրվել է եւ ամսական մենք այնտեղ կմատակարարենք 3500 տոննա խտանյութ:

Մնացած խտանյութն արտահանվում է Բուլղա՞րիա, Aurubis-ի Պիդրոպի գործարան:

Կան ուղղություններ, մենք դրանց հետ աշխատանքներ ենք տանում:

Աշխատանքներ տարվու՞մ են հանքավայրի ընդարձակման ուղղությամբ:

Մենք նախատեսում ենք զգալիորեն ավելացնել հանքի վերամշակման ծավալները` տարեկան մինչեւ 25 միլիոն տոննա: Համապատասխան նախագիծը կկազմի Vallex Group կոնցեռնի «Լեռնամետալուրգիական ինստիտուտ» ՓԲԸ-ն: Դա բավականին մեծ ծավալ է, եւ եթե աշխատանքները հաջողությամբ ավարտվեն, մենք մոտ երեք անգամ կգերազանցենք վերամշակման խորհրդային ծավալները:
Նման ծավալները կապված են նաեւ հանքի ընդարձակման հետ: Դրա հարավային հատվածում մենք արդեն հորատման եւ նախապատրաստական ինտենսիվ աշխատանքներ ենք իրականացնում: Աշխատանքներ են տարվում նաեւ հյուսիսային հատվածում: 2012-ին մենք նախատեսում ենք հորատել մոտ 5 հազար մետր:

Իսկ գործարանն ունի՞ ծրագիր` ռեինումից բացի այլ հազվագյուտ մետաղների կորզման վերաբերյալ:

Մեր ձեռքի տակ եղած տեխնոլոգիաներով դա հազիվ թե հաջողվի, քանի որ դրանց բաղադրությունը քիչ է: Այդ նույն ծախսերը կարող ենք ուղղել մեր հիմնական արարդանքի որակի բարձրացմանը:

Եվս մեկ արտադրող վերջերս հայտարարեց զտման արտադրություն բացելու ծրագրերի մասին` նույն տարածաշրջանում, որտեղ դուք եք աշխատում: Հնարավո՞ր է, որ ԶՊՄԿ-ն ապագայում վերադառնա մաքուր պղնձի ձուլման նախագծին:

Ժամանակին, եթե հիշում եք, մենք մեծ աշխատանք ենք արել: Ֆինլանդիայում անթափոն տեխնոլոգիաների փորձնական մինի-գործարան էինք կառուցել եւ ցանկանում էինք տեղայնացնել Հայաստանում` արյդունաբերական մասշտաբով: Մենք լուրջ քննարկումներ իրականացրինք, բարձր մակարդակի մասնագետներ հրավիրեցինք, որ նրանք ուսումնասիրեն նախագիծն ու հայտնեն իրենց կարծիքը: Ներկայումս նախագիծը հետաձգվել է, երկրում բավական քանակությամբ խտանյութ չի արտադրվում նման գործարանի համար: Իսկ արտերկրից խտանյութի ներմուծումը լուրջ բարդությունների հետ է կապված: Սակայն, հաշվի առնելով, որ արտադրության ծավալներն ավելացնելու մտադրություն ունենք թե մենք, թե մեր գործընկեր ACP-ն, այդ դեպքում ժամանակի ընթացքում կարող են կոնկրետ քայլեր ձեռնարկվել:

Ժամանակին ձեր ձեռնարկություն էին այցելել Polska Miedz ընկերության մասնագետները, որոնք նշել էին, որ պղնձի զտումը կարելի է իրականացնել հյուսիսային Իրանից խտանյութի ներմուծմամբ: Որքանո՞վ է հեռանկարային նման տարբերակը:

Նման գործարանները հումքի նվազագույն ծավալի կարիք ունեն, ուստի մի շարք դեպքերում մշակում են նաեւ արտերկրի արտադրանքը: Այլ հարց, որ կարելի է վերականգնել նախկին արտադրությունը, օրինակ` Ալավերդու գործարանը (խորհրդային ժամանակներում այնտեղ նաև մաքուր պղինձ էր արտադրվում - Խմբ): Բնականաբար, նման նախագիծը կարող է կրկին գործարկվել հին գործարանի հիմքի վրա, որտեղ մասնագետներ եւ հումք կա: Երբ սկսվի Թեղուտի հանքավայրի շահագործումը, այն ժամանակ էլ, կարծում եմ, ինքստինքյան մեր երկրում պղնձի ավելի խորը մշակման  հարցը կծագի: Այդ հիմքի վրա կարելի է գործարկել արդյունաբերության մյուս ուղղությունները:

Որքա՞ն կլինի արտադրական նեդրումների ծավալը 2012թ.:

Երբ մենք սեփականաշնորհեցինք գործարանը 2004թ. վերջին, բաժնետերերը կառավարության հետ պայմանագիր կնքեցին 197 մլն դոլարի ներդրումների մասին: Այս պահի դրությամբ ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 450 մլն, դրանցից մաքուր արտադրականները` ավելի քան 300 մլն դոլար (սոցիալական ծրագրերը մեզ համար եւս ներդրումներ են, ուղղակի մենք ճիշտ չենք համարում դրանց մասին ավելորդ անգամ հիշատակել): Այն ժամանակ նախատեսվում էր առաջին փուլում վերամշակել տարեկան 12,8 մլն տոննա հանքանյութ: Այժմ մենք անցել ենք 15 մլն-ի շեմը եւ ձգտում ենք աստիճանաբար ավելացնել ծավալները:

Բնականաբար, ծրագիրը կապված է հանքավայրի ընդլայնման հետ, ինչի մասին արդեն նշեցի: Այդ կապակցությամբ կան համայնքի տարածքային խնդիրներ, որոնք պետք է լուծել ճիշտ կերպով, որ մարդկանց մոտ արդարացի վրդովմունք չառաջանա:

Լուծումներ գտե՞լ եք:

Իմ կողմից առաջարկ է արվել, որը արժանացել է բաժնետերերի հավանությանը, Կապանում բազմահարկ շենք կառուցելու մասին, այն դեպքում եթե բնակիչները ցանկանան տեղափոխվել բնակարաններ: Եթե կցանկանան ապրել սեփական տներում, նոր տեղում, հողատարածքներով, ինչպիսիք ունեցել են նախկինում, մենք դրա համար էլ միջոցներ կհատկացնենք: Գյուղում կան շատ գրանցվածներ, բայց իրականում այնտեղ 10-12 ընտանիք է ապրում: Առանց նրանց խնդիրների լուծման մենք որեւէ քայլ չենք ձեռնարկի: Կարծում եմ` լավ պայմաններ ենք առաջարկում բնակիչներին, բայց եթե մարդիկ չհամաձայնեն, մենք հետագա քայլեր չենք ձեռնարկի:

Զրուցեց Արամ Գարեգինյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ