News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանում մոլեգնող ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի կառավարությունը 2009թ. ընթացքում բյոջետային երաշխիքներ է (մոտ 10 մլն ԱՄՆ դոլարի չափով) տրամադրել մի շարք շինարարական ընկերությունների՝ ճգնաժամին դիմակայելու եւ կառուցվող էլիտար շենքերն ավարտին հասցնելու համար: Ընդ որում, բավական լուրջ գումարներ են տրվում մի ոլորտի, որն էլ Հայաստանում ճգնաժամի հիմնական պատճառներից մեկն է:

Հայաստանի վարչապետի օգնական Խաչիկ Ավդալյանը NEWS.am-ին հայտնեց, որ 2,5 միլիոն դոլարին համարժեք բյուջետային երաշխիք է տրվել «Էլիտ Գրուպ» ընկերությանը՝ «Ամերիա» բանկի միջոցով, երեք տարի մարման ժամկետով: «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ին՝ «Պրոմեթեյ» բանկի միջոցով 2 մլն 642 հազար 300 դոլարին համարժեք դրամ: «ՄԳ Հաուսինգ» ՍՊԸ-ին՝ 3 մլն դոլար «Ինեկոբանկով», "Վահե Հարությունյան անհատ ձեռներեց, «Առեքսիմբանկով» 950 հազար դոլար, եւ «Նորաշեն-2007» ընկերությանը: Ըստ Ավդալյանի, կառավարությունը պետք է եւս երկու ընկերության երաշխիք տրամադրեր, սակայն «Հերմեկ» ընկերությունում առաջացած խնդիրների պատճառով 1 մլն դոլար գումարը չի տրամադրվել, իսկ «ԱՎՈ Ս.Մ.Հ.» ընկերությունն իր հոժար կամքով է հրաժարվել երաշխիքից: «Այս գումարները ոչ թե պետությունն է տալիս, այլ տրամարդում է երաշխիք: Խրախուսելու համար, որ կիսակառույց շինությունը չմնա կիսատ, եւ անվստահություն չառաջանա, ճգնաժամի պայմաններում այս քայլին դիմեցինք»,- նկատեց Ավդալյանը:

Հարցին, հետեւո՞ւմ է արդյոք կառավարությունը այդ ընկերությունների գործունեությանը եւ այդ գումարների ճիշտ օգտագործման գործընթացին, վարչապետի օգնականը պատասխանեց. «Սա այն դեպքն է, երբ պետությունը երաշխավորում է միայն մայր գումարը, եւ չի երաշխավորում տոկոսները, որ բանկերը պետք է աշխատեն: Եւ դա խթանիչ մեխանիզմ է բանկերի համար, որ մոնիտորինգն իրականացնեն»: Հարցին, որքանո՞վ էր ճիշտ ճգնաժամի պայմաններում գումարներ տալ մի ոլորտի, որն էլ հենց ճգնաժամի պատճառն է, Խաչիկ Ավդալյանը ասաց. «Ավելի հեշտ կլիներ ոչինչ չանել, բայց ճգնաժամի պայմաններում գումար չտալը խնդիր կհարուցեր: Տնտեսության դիվերսիֆիկացումը կբերի նրան, որ այդ ոլորտի տեսակարար կշիռը, որի պատճառով էլ նաեւ մենք այդպես ծանր տարանք ճգնաժամը, կպակասի»:

Նշենք, որ եթե շինարարական ընկերությունը չկարողանա վճարել բյուջետային երաշխիքը, Հայաստանի կառավարությունը հայ հարկատուների հաշվին է վճարելու էլիտար շենքերի կառուցման համար:

Ի դեպ, NEWS.am-ը փորձեց նաեւ խոսել բյուջետային երաշխիքներ ստացած ընկերությունների հետ, ինչը, մեղմ ասած, բավական բարդ գործ էր: Հինգ ընկերություններից երեքի՝ «Մ.Գ. Հաուսինգ»-ի (ԱԺ վթարից զոհված Մելիք Գասպարյանին պատկանող ընկերությունն է), «Նորաշեն-2007-ի» եւ «Վահե Հարությունյան» անհատ ձեռներեցի հետ կապվել չհաջողվեց: Նրանց մասին տվյալներն ընդհանրապես բացակայում էին ոչ միայն «Սփյուռ»-ում, այլեւ՝ հայաստանյան շինարարական ընկերությունների պաշտոնական վեբկայքում:

«Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ տնօրեն Ալիկ Հովհաննիսյանը NEWS.am-ին հայտնեց, թե 2,6 մլն դոլարն իրենք ստացել են Սայաթ-Նովա փողոցի վերջնամասի էլիտար շենքերն ավարտին հասցնելու համար, որի վերջնաժամկետ է նշված 2010թ. սկիզբը: Հարցին, թե որքան արժե մեկ քմ-ն այդ բազմաբնակարան շենքերում, տնօրենը բավական նյարդայանացավ եւ ասաց. «Չեմ ուզում ասել, գաղտնիք է», թեեւ նշեց, թե այդ շենքերում վաճառք լինում է:

«Էլիտ Գրուպ» ընկերության տնօրեն Արմեն Մկոյանն էլ NEWS.am-ին հայտնեց, որ իրենց ընկերությունը բյուջետային երաշխիք է ստացել Ձորափի 40 հասցեում գտնվող շենքն ավարտին հասցնելու համար: Շինարարությունն, ըստ Մկոյանի՝ կավարտվի 1-2 ամսից, իսկ մեկ քմ-ն այդ շենքում վաճառվում է սկսած 300 հազար դրամից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ