News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Բենզինի եւ դիզվառելիքի շուկաներում խոշորագույն ընկերությունը` «Սիթի պետրոլ գրուփը» (CPS), չարաշահել է իր գերիշխող դիրքը` գնային քաղաքականությամբ խեղճացնելով փոքր բենզալցակայաններին ու կլանելով դրանց: Այսօր` մարտի 14-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակեց բենզինի եւ դիզվառելիքի շուկաներում հարուցված վարույթի արդյունքներն ու CPS-ին տուգանեց 100 մլն դրամով:

Նշենք, որ CPS-ը նշված շուկաներում ունի մոտ 50 տոկոս մասնաբաժին, ու ըստ էության` գին թելադրող է: Շուկայում գերիշխող դիրք ունի նաեւ «Ֆլեշը», նշանակալի մասնակցություն` «Միկա քորպորեյշնը» եւ «Մաքսհուրը»:

Բոլոր այս ընկերությունները հայտնվել են ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրության տիրույթում, սակայն գոնե 2011 թ. տվյալներով` միայն CPS-ն է իրականացրել փոքրերի կլանման քաղաքականություն:

Հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքները ներկայացնող փորձագետ Արման Մանասարյանը նիստի ընթացքում հետեւյալ կերպ բացատրեց փոքրերի կլանման մեխանիզմը: CPS-ը ունի բենզինի եւ մեծածախ, եւ մանրածախ վաճառք: Այն տարածքներում (մարզերում), որտեղ CPS-ը ցանկացել է կլանում իրականացնել, բենզինի մեծածախ գինը գրեթե հավասարեցրել է մանրածախին: Այսպես` բազաներից ռեգուլյար բենզինը բաց է թողնվել լիտրը 415 դրամով, վաճառվել` 420 դրամով: Երեւանում այդ նույն բենզինը այդ նույն ընկերության կողմից վաճառվել է 440 դրամով: Արդյունքը հետեւյալն է. մարզերի անկախ բենզալցակայանները ստիպված են եղել CPS-ի բազայից բենզին ձեռքբերել 415 դրամով ու իրացնել նույնպես 420 դրամով, քանի որ CPS-ը նաեւ ստեղծում է բենզալցակայանների բավական ընդգրկուն ցանց (միաժամանակ եւ մեծածախ մատակարար է, եւ մանրածախում մրցակից): Եկամտի 5 դրամ մարժայով որեւէ բենզալցակայան երկար դիմանալ չի կարող, ու ստիպված է կամ վաճառվել CPS-ին, կամ նրա հետ կնքել համատեղ օգտագործման նվաստացուցիչ պայմանագիր: Ըստ այդ պայմանագրերի` շահույթի 98 %-ը տնօրինում է CPS-ը, իսկ մնացած 2 %-ը` տվյալ բենզալցակայանի իրական սեփականատերը: Միայն Վանաձորում CPS-ը կլանել է 7 բենզալցակայաններ, իսկ հանրապետության մասշտաբով խոսք է գնում տասնյակների մասին;

Ըստ CPS-ի պաշտոնական կայքէջի` ընկերությունն ունի 25 սեփական ու 35 համատեղ բենզալցակայան: Այդ համատեղ բենզալցակայանները ոչ այլ ինչ են, քան մրցակիցներից նվաստացուցիչ պայմաններով խլված օբյեկտներ: Ընդ որում` մի շարք դեպքերում CPS-ը սպասել է` մինչեւ փոքր բիզնեսի ներկայացուցիչը բենզալցակայան կկառուցի, որից հետո է փոխել իր գնային քաղաքականությունը:

Ահա այս միտումնավոր կլանումների համար էլ ՏՄՊՊՀ-ն տուգանեց CPS-ին 100 մլն դրամով: Նշենք, որ ըստ օրենքի` նման դեպքերի համար առավելագույն տուգանքը 200 մլն դրամ է: ՏՄՊՊՀ-ի վարույթների ընթացքում սա երկրորդ դեպքն է, որ ընկերությանը տուգանում են նման խոշոր գումարով` 100 մլն դրամ: Հայկական չափանիշներով` տուգանքի չափը բավական մեծ է, սակայն չի հանգեցնի ընկերության սնանկացման: Սա շատ կարեւոր է, քանի որ ՏՄՊՊՀ-ի գործառույթը ոչ թե ընկերությանը սնանկացման հասցնելն է, այլ նրան մրցակցային կանոններին ենթարկեցնելը:

Ի դեպ` Հանձնաժողովի նիստի ընթացքում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հարցը ներկայացնող փորձագետից հատուկ հետաքրքրվեց` արդյոք մյուս ընկերությունները նման կլանումներ չե՞ն իրականացրել: «Այլապես կստացվի, եթե մեկի խախտումը տեսնում ենք, մյուսինը չենք տեսնում, դրանից մրցակցությունը չի շահում, ընդհակառակը` ավելի վնասվում է», - պարզաբանեց Ա. Շաբոյանը: Սակայն փորձագետ Ա. Մանասարյանը վստահեցրեց, որ բոլոր ընկերություններն էլ ստուգվել են, կատարվել է հսկայածավալ աշխատանք, ու հակամրցակցային վարքագիծ հայտնաբերվել է միայն CPS-ի մոտ:

Ի՞նչ է իրենից ներկայացնում «Սիթի պետրոլ գրուփը»

CPS-ը Հայաստանի ամենախոշոր ու միաժամանակ ամենաստվերային ընկերություններից մեկն է: Խշոր հարկատուների ցուցակում 5-րդ տեղն է զբաղեցնում, սակայն տեղեկություններ կան, որ իրական շրջանառությունը մի քանի անգամ ավելի է: Հայտնի է միայն, որ ընկերության ղեկավարը Աշոտ Սալազարյանն է, որը միաժամանակ ներկայանում է որպես միակ սեփականատեր: Մինչ այսօր որեւէ լրատվամիջոցի չի հաջողել այդ մարդուց գոնե մեկ հարցազրույց վերցնել: Մինչ այսօր նա որեւէ հարցի վերաբերյալ որեւէ պարզաբանում չի ներկայացրել: Մինչ այսօր որեւէ մեկը չգիտի նրա քաղաքական նախասիրությունների մասին, նա երբեք որեւէ սկանդալի մեջ ներքաշված չի եղել: Ու ընդհանրապես` հայտնի չէ. նա է՞ CPS-ի իրական սեփականատերը, թե՞ ներկայացնում է ուրիշ շահերը: Նա ինչոր տեղ հիշեցնում է հայտնի Կորեյկոյին` թաքնված ու համեստ կյանքով ապրող միլիոնատեր: Ասում են, որ իրականում Ա. Սալազարյանը Հայաստանում ներկայացնում է ռուսական կապիտալը, սերտորեն կապված է ռուսական հատուկ ծառայությունների հետ, նույնիսկ աշխատել է ազգային անվտանգության համակարգում ու ունի գեներալի աստիճան: Հուսով ենք, որ գոնե այս վարույթից հետո այդ «գորշ ձիուկը» դուրս կգա ստվերից ու հանրությանը կներկայանա իր իրական դեմքով:

Սամվել Ավագյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ