News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2011թ կեղծ թղթադրամներ իրացնելու 280 դեպք է արձանագրվել, 2010-ին` 94, իսկ 2009թ այդ թիվը 136 է եղել: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասախան` հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:

NEWS.am-ը փորձել է պարզել, թե ինչպիսի՞ իրավական կարգավորում ունի քաղաքացիներին կեղծ թղթադրամներ տալու հանգամանքը, ինչպե՞ս եւ ո՞վ է որոշում` թղթադրամը կե՞ղծ է, թե` ոչ, ի՞նչ կարող է անել քաղաքացին, եթե նրան կեղծ թղթադրամ են տվել, կամ ինչպե՞ս կարող է չխաբվել, արդյոք հնարավո՞ր է քաղաքացուն պատճառված վնասի փոխհատուցում եւ ինչպե՞ս:

33-ամյա Վահագնը, ով երկար տարիներ ապրել է արտերկրում, այդքան էլ ծանոթ չէ հայկական դրամին եւ դժվար է տարբերում կեղծն իսկականից: Գուցե հենց դա է պատճառը, որ նրան երթուղայինում կեղծ թղթադրամ են տվել ու նա չի նկատել, կամ գուցե անուշադիր է եղել:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա պատմեց, որ մեկ շաբաթ առաջ երթուղայինում գումար վճարելիս իրեն 500 դրամանոց են տվել, իջնելուց հետո նա մտել է սուպերմարկետ, որպեսզի հյութ գնի, սակայն գումարը վճարելիս աշխատակիցն ասել է, որ դրամը կեղծ է: «Երիտասարդ, կեղծ մետաղադրամ եք տալիս» արտահայտությունը Վահագնին անակնկալի է բերել: Երիտասարդը չի պատրաստվում դիմել իրավապահ մարմիններին, քանի որ «խաբվելու» հետեւանքով կորցրած գումարը առանձնապես մեծ չէ: Դրանից բացի` եթե մեծ էլ լիներ գումարը, ապա դժվար թե դիմեր, որովհետեւ որեւէ երաշխիք չունի, որ կվերադարձնեն իր գումարը, իսկ այս դեպքում անիմաստ է համարում իզուր քաշքշուկի մեջ ընկնելը:

Ի դեպ, ներկայացնում ենք Վահագին տրված կեղծ 500 դրամանոցի եւ իսկականի լուսանկարը, որոնք, իրոք, դժվար է տարբերել, քանի որ իրար շատ նման են, միայն ուշադիր աչքը կկարողանա նկատել, որ մեկը կեղծ մետաղադրամ է:

Կեղծ դրամ ստանալիս իրավապահ մարմիններին դիմելուց հետո եւս հնարավոր է փոխհատուցում չտրվի

Եթե քաղաքացուն որեւէ տեղ թղթադրամ կամ մետաղադրամ են տվել, եւ նա հետո պարզել է, որ դա կեղծ է, ապա կարող է դիմել իրավապահ մարմիններին: NEWS.am-ին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ դիմելուց հետո Ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում կամ Ազգային փորձաքննությունների կենտրոնում կատարվում է փորձաքննություն` պարզելու թղթադրամը կեղծ է, թե` ոչ: Եթե փորձաքննությունը տալիս է դրական եզրակացություն եւ թղթադրամը կեղծ է, ապա հարուցվում է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այնուհետեւ գործը վարույթ է ընդունվում, պարզվում է կեղծող անձը եւ գործն ուղարկվում է դատարան:

Իսկ թե կտրվի քաղաքացուն փոխհատուցում, թե` ոչ, դա կախված է գործի հանգամանքներից: Եթե քննության ընթացքում պարզվում է, թե ով է կեղծ թղթադրամների հեղինակը, ապա նա դատապարտվում է ազատազրկման, եւ հնարավոր  է նաեւ բռնագանձեն գումարը: իսկ եթե օրինակ` կեղծ թղթադրամների հեղինակը գումար չունի, գույք չունի, որ բռնագանձեն, ապա ոչ ոք չի կարող վերադարձնել քաղաքացու գումարը:

Կեղծ դրամն իսկականից տարբերելու համար պարզապես պետք է ուշադիր լինել գումար վերցնելիս,  ուշադրություն դարձնել թղթադրամի գույնին, դրա վրա առկա դետալներին եւ այլ մանրամասներին: Հայաստանում սովորաբար կարելի է հանդիպել կեղծված դոլար, ֆունթ-սթերլինգ, եվրո եւ այլն: Իրավապահ մարմիններին քաղաքացիները ավելի շատ դիմում են 100 դոլարանոց կեղծելու կապակցությամբ, որոնք հիմնականում Ռուսաստանից են բերված լինում: Ոստիկանության մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ այս ոլորտում արտառոց կամ մեծ խարդախություններ առայժմ չեն արձանագրվել:

Նշենք, որ կեղծ թղթադրամների իրացնելու հարցը կարգավորվում է Քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածով, («Կեղծ փողեր, արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը»), որով այդ հանցագործության համար որպես պատիժ սահմանվում է 3-12 ազատազրկում` կախված հանգամանքներից:

 

Պատրաստեց` Ինգա Մարտինյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ