News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի բնակչության առողջական վիճակի մակարդակը միջինացված տվյալով, որ «գերազանց» չէ, դա արդեն վաղուց հայտնի է: Միայն այն փաստը, որ տղամարդկանց հիմնական մասը ծխող են, իսկ բնապահպանական վիճակն էլ, մեղմ ասած լավ չէ, բավարար է, որպեսզի կարծիք կազմվի բնակչության շրջանում լայն տարածում գտած սիրտ-անոթային հիվանդությունների պատճառների, ինչպես նաեւ դրանցից մահացածության ցուցանիշի մասին: Տարբեր երկրներում, վերլուծելով ստացված ուսումնասիրությունները, պատկան մարմինները լայնածավալ առողջապահական ծրագրեր են սկսում իրականացնել, այդ թվում՝ քարոզչական, եւ գործնական: Այսինքն՝ քարոզում են, որ «ծխելը վնասակար է», եւ այն վնասակար է «ոչ միայն ծխողների համար», եւ գործնականում բարձրացնում են ծխախոտի հարկերը, եւ դրանից ստացված գումարներն ուղղում, ասենք, սպորտի մասսայականացմանը, եւ հատկապես մարզահամալիրների կառուցմանը կամ արդեն կառուցվածներում աբոնեմենտի սուբսիդավորմանը: Հայաստանում եւս սպորտային համալիրներ կան: Հիմնականում կենտրոնացած են Երեւանում: Սակայն վճարովի մարզասրահներն այդքան էլ մատչելի չեն, նույնիսկ միջին խավի քաղաքացու համար, իսկ գրեթե բոլոր անվճար մարզասրահներում տիրող սանիտարահիգիենիկ պայմանները այնպիսին են, որ այցելելուց առաջ պետք է «կլորիկ» գումար նախապատրաստել հետագայում բժիշկի վճարումների եւ դեղորայք գնելու համար: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Իվետա Տոնոյանը նշեց, որ նախարարության ներքո գործող մարզադպրոցներում իրականացվում է երեխաների անվճար ուսուցում, այդտեղ կան մարզադահլիճներ, որտեղ կարող են անվճար մարզվել երեխաները, սակայն մեծահասակների համար նախատեսված անվճար կամ սուբսիդավորվող առանձին մարզասրահներ չկան:

Նշենք, որ սիրտ-անոթային հիվանդությունները Հայաստանում բավականին երիտասարդացել են: Այսինքն՝ այն ախտորոշվում է արդեն 25-30- ամյա երիտասարդների շրջանում: Հիվանդության դեմ պայքարելու պարտադիր պայման է ծխելը թողնելը, եւ սպորտով զբաղվելը:

Երեւանում մարզասրահ այցելելը թանկ հաճույք է, առավել եւս, երբ որոշ մարզասրահներ չունեն ժամավճարով ծառայություններ եւ պետք է աբոնեմենտ վերցնել: Այս են ցույց տալիս NEWS.am-ի անցկացրած հարցումները մարզասրահների շրջանում:

Այսպես, երեւանյան սպորտային համալիրներում կա մարզասրահ, ֆիթնես, շեյփինգ, յոգա, սաունա, ըստ սպորտաձեւերի` տարբեր սրահներ` ֆութզալ, ալպինիզմ, լողավազան, թենիս, բիլիարդ եւ այլն: Իսկ ժամավճարի եւ աբոնեմենտի գները պայմանավորված են այդ մարզասրահում  առկա պայմաններով, ծառայությունների որակով եւ քանակով:

Այսպես, «Ակվատեկ» մարզառողջարանական համալիրից  NEWS.am-ին հայտնեցին, որ իրենց մոտ ժամավճարով ծառայություններ չկան,իսկ 12 պարապմունք ներառող ամսական աբոնեմենտը ցերեկային ժամերին արժե 14 հազար դրամ, իսկ երեկոյան ժամերին` 17 հազար դրամ: Gold’s Gym  ֆիթնես ակումբում եւս ժամավճարով ծառայություններ չկան, կա միայն աբոնեմենտ: Սակայն, ակումբը հրաժարվեց հրապարակել իր գնային քաղաքականության մասին տվյալները:  Մեկ այլ համալիրում` «Օրանժ ֆիթնեսում»  եւս ժամավճարով ծառայություններ չկան, այնտեղ միայն աբոնեմենտ է, որով հնարավորություն ես ունենում անսահմանափակ օգտվել բոլոր ծառայություններից:

«Գրանդ սպորտ» մարզառողջարանային համալիրում NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ իրենց մոտ գործում են ինչպես ժամավճարով ծառայություններ, այնպես էլ աբոնեմենտով: Ըստ ժամավաճարի`ամենաէժան ծառայությունը սեղանի թենիսն է, որի մեկ ժամն արժե 1000 դրամ, իսկ ֆութզալով զբաղվելու մեկուկես ժամը 30 հազար դրամ է: Կան ծառայություններ, որոնք մեկանգամյա այցելության հնարավորություն չկա, ինչպես օրինակ` լողը: «Առանձին աբոնեմենտի դեպքում առաջին ամիսը վճարում են 50, իսկ երկրորդ ամսից սկսած մարզասրահի համար՝ 15, լողավազանի համար 28 հազար դրամ, ֆիթնեսի համար 15 հազար դրամ, իսկ մեկ անձի համար եռամսյա ընդհանուր աբոնեմենտը արժե 150 հազար, տարեկանը` 440 հազար դրամ»,- նշեց «Գրանդ սպորտ» մարզառողջարանական համալիրի աշխատակիցը: «Նեպտուն» մարզասրահում մեկ անգամյա այցելությունը 1500 դրամ է, որը հնավորություն է տալիս օգտվել մարզասարքերից: Իսկ 12 պարապմունք ընդգրկող ամսական աբոնեմենտը արժե 15 հազար դրամ, որի մեջ մտնում է նաեւ մեկ անգամյա սաունա: Գրեթե նման պայմաններ էին նաեւ «Վագաս» մարզահամալիրում, որտեղ եւս մեկ անգամյա այցելությունը արժե 1500 դրամ, իսկ 12 պարապմունք ընդգրկող աբոնեմենտը` 15 հազար դրամ:

Ստացվում է, որ նոր սկսվող հիվանդության դեմ պայքարելու համար, կամ պարզապես սպորտով զբաղվելու համար, մարդ պետք է նախկինից երկու անգամ ավելի եռանդով աշխատի, կամ ավելի երկար ու շատ ժամանակ տրամադրի գումար վաստակելուն, որ կարողանա գումար հայթհայթել բուժման եւ առողջությանը հետեւելուն: Մինչդեռ բժիշկները հակառակն են խորհուրդ տալիս նման դեպքերում:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմում է 113 հազար դրամ, ըստ որում` պետական ատյաններում այն արժե 97 հազար դրամ, իսկ ոչ պետական մարմիններում` 137 հազար դրամ: Հարց է առաջանում, ամսական մոտ 120 հազար ստացող ամուսնական զույգը, ով ունի նաեւ երեխաներ եւ այդ գումարով պետք է հոգա ընտանիքի մի շարք ծախսեր, կարո՞ղ է իրեն թույլ տալ մի կլորիկ գումար հատկացնել մարզասրահ այցելելուն, թե՞ ոչ: 

 

Պատրաստեց` Ինգա Մարտինյանը

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ