News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում, մարտի 14-ին, տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրխալտերի բանակցությունները:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի եւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման օրակարգում էին երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ:

Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ վերջին տարիներին հարաբերություններն աննախադեպ զարգացում են ապրել:  Էդվարդ Նալբանդյանի խոսքով  այսօր երկու երկրների միջեւ ձեւավորվել է խորը փոխվստահություն եւ փոխըմբռնում, ինչը բնորոշ է բարեկամ պետություններին:

Նախարարները, կարեւորելով երկու երկրների ԱԳՆ-երի միջեւ հաստատված արդյունավետ համագործակցությունը, պայմանավորվածություն ձեռք բերեցին առավել ակտիվացնել իրենց կողմից ղեկավարվող գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվություններ անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը:

Այս համատեքստում Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր երկրի աջակցությունը հայտնեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցության հարցում:

2014 թ. ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության համատեքստում նախարարները մտքեր փոխանակեցին կազմակերպության օրակարգային հարցերի շուրջ: 

Բանակցություններին մանրամասն անդրադարձ կատարվեց  առեւտրատնտեսական համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվող քայլերին: Այս առումով կարեւորվեց պետական մակարդակով գործարար շրջանակներին ցուցաբերվող աջակցությանը: Շվեյցարական կողմը վերահաստատեց Հայաստանի զարգացման նպատակով Համագործակցության եւ զարգացման շվեյցարական գործակալության կողմից իրականացվող ծրագրերի շարունակականությունը:

Նախարարները մտքեր փոխանակեցին ապակենտրոնացված համագործակցության զարգացման ուղիների վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանն ու Դիդյե Բուրխալտերն անդրադարձան Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերին եւ զարգացումներին: Էդվարդ Նալբանդյանն իր շվեյցարացի գործընկերոջը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Այս առումով նախարար Բուրխալտերը շեշտեց, որ իր երկիրն ուշադրությամբ հետեւում եւ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող միջնորդական ջանքերին եւ գտնում է` հիմնախնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով:

Հայաստանի եւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին, քննարկեցին մի շարք այլ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ