News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Իրավաբանական գիտությունների դոկտոր, «Արեւմտյան Փարիզ. Նանտեր լյա Դեֆանս» համալսարանի միջազգային իրավունքի կենտրոնի անդամ Յուբեր Լեզաֆրը Հայաստանին առաջարկում է դիմել Միջազգային կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Թուրքիայի` այդ երկրում Հայոց ցեղասպանության պետական ժխտման հիմքով: Ֆրանսիական «Le Monde» պարբերականում հրապարկված հոդվածում նա վերլուծում է Սամանադրական խորհրդի` ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ վերջին որոշումը եւ գալիս է այն եզրահանգման, որ օրինագծի մերժման հիմնական պատճառը Հայոց ցեղասպանության վերաբերյալ դատական որոշման բացակայությունն  է` ի տարբերություն Հոլոքոստի:

Նրա կարծիքով, որպեսզի օրենքը չհակասի Սահմանադրությանը, Հայաստանը պետք է որեւէ  միջազգային դատարանի որոշում ունենա ընդդեմ Թուրքիայի, որի դատավճռում պետք է ճանաչվի Հայոց ցեղասպանությունը: Այդ դեպքում, նրա կարծիքով, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար ոչ մի խոչընդոտ չի լինի:

«Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, որի դահիճներն արդեն մահացած են եւ չեն կարող այլեւս քրեական հետապնդման օբյեկտ լինել, ապա դատական որոշման հնարավորությունը չի կարելի բացառել: Միջազգային մասշտաբում Հայաստանի, եւ ինչու ոչ` ցանկացած այլ երկրի դիմումը  Միջազգային դատարան իդեալական կլիներ, քանի որ ցեղասպանությունը միջազգային հանցագործություն է:  Այդուհանդերձ, դրա համար մի կարեւոր ընթացակարգային խոչընդոտ կա այն առումով, որ այդ դատարանի ընդդատությունը կախված է վեճի մասնակից-պետության, այսինքն նաեւ Թուրքիայի, համաձայնությունից:

Մնում է մեկ որոշում, որը զարմանալիորեն, կարծես  չի դիտարկվել. Հայաստանի կողմից դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Թուրքիայի պետական ժխտման հիմքով: Նման մոտեցումը կարող է հանգեցնել եթե ոչ Թուրքիայի դատապարտմանը, ապա, առնվազն, դատարանի կողմից Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ճանաչմանը»,-գրել է Լեզաֆրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ