News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության տարածած հայտարարության կապակցությամբ Ռազմական ոստիկանության պետի ցուցումով նշանակվել է ծառայողական քննություն, որի ընթացքում կպարզվի այդ հայտարարության մեջ ներառված տեղեկատվության իսկությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանն` անդրադառնալով այն հայտարարությանը, որում նշվում էր, որ Ռազմական ոստիկանությունում զինվորին` Արսեն Գրիգորյանին, դաժանաբար ծեծել են, ծեծված վիճակում տարել զորամաս, արձակուրդ ձեւակերպել եւ ուղարկել Սեւան:

Ինչ վերաբերում է այսօր մամուլում տարածված տեղեկատվությանը, որ զինծառայող Արսեն Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է եւ նա տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա խոսքով, դա չի համապատասխանում իրականությանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ խայտառակ դեպք է տեղի ունեցել մարտի 14-ին ՀՀ ԶՈՒ Երեւանի կայազորի Ռազմական ոստիկանությունում: Հայտարարությունում ասվում է. «Զորամասերից մեկում դեռեւս մեկ ամիս առաջ (ուշադրություն դարձրեք այս փաստի վրա) տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով մի խումբ զինվորների բերման են ենթարկել Ռազմական ոստիկանություն եւ դաժան ծեծի ենթարկել:

«Չենք լռելու»-ի հավաստի տեղեկություններով, այդ խուլիգանությանը անմիջական մասնակցություն են ունեցել Երեւանի կայազորի Ռազմական ոստիկանության պետ Ռ. Ներսիսյանը, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հ. Ոփանյանը եւ քննչական բաժանմունքի հետաքննիչ Ա. Ավագյանը:

Զինվորներից առավել մեծ վնասվածքներ է ստացել (դեմքի շրջանում) Արսեն անունով սեւանցի մի երիտասարդ, որին «լռեցնելու» նպատակով, ծեծելուց հետո, հետ են տարել զորամաս, արձակուրդ ձեւակերպել եւ, պահանջելով որեւէ մեկին չպատմել կատարվածի մասին, տուն ուղարկել:

Այս ամենում առավել մեծ զզվանք է առաջացնում զորամասի հրամանատարի կեցվածքը, որը Ռազմական ոստիկանության հետ հարաբերությունները չսրելու նպատակով, համաձայնել է մտնել այդ կեղտոտ խաղի մեջ` ռազմական ոստիկանների ձեռքերից ծեծված վիճակում ընդունելով զինվորին եւ տուն ուղարկելով:

Հատկանշական է, որ Արսենը մեկ ամիս առաջ տեղի ունեցած միջադեպի գործում է ներգրավվել զուտ որպես վկա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ