News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի` Լեռնային Ղարաբաղի կարգավորման միջնորդական առաքելությամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատը ԵՄ-ի մանդատով փոխարինելու վերաբերյալ փաստաթուղթը ԵՄ-ի պաշտոնական տեսակետը չէ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ-ի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ի հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով, այդ նախագիծը հանդիսանում է հանձնաժողովում ադրբեջանամետ պատգամավորների ջանքների արդյունք:

«Նրանք մեզ քաջ հայտնի են, օրինակ Եվգենի Կիրիլովը: Այնուամենայնիվ, Եվրամիության պաշտոնական դեմքերը, այդ թվում ԵՄ-ի` արտաքին հարցերով եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը, ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, բազմիցս հայտարարել են, որ մտադիր չեն Ֆրանսիայի մանդատը փոխարինել ԵՄ-ի մանդատով եւ պաշտպանում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործող ձեւաչափը»,-նշել է Զոհրաբյանը` կրկին ընդգծելով, որ ոչ թե ԵՄ-ի դիրքորոշման, ադրբեջանամետ լոբբինգի «պտուղն է»:

Պատգամավորը նաեւ նշել է, որ եթե Եվրախորհրդարանը ընդունի այդ նախագիծը, դա տագնապի ազդակ կծառայի հայկական կողմի համար: Զրուցակիցը հիշեցրել է այդ հարցի առթիվ հայկական կողմի ունեցած դիրքորոշումը. ԵԱՀԿ ՄԽ-ի ձեւաչափի փոփոխություն հնարավոր չէ:

Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ վերջին շրջանում անհանգստացնող է ադրբեջանական լոբբինգի ակտիվացումը` տարբեր երկրների խորհրդարաններում: «Ադրբեջանը խումբ-խումբ պատգամավորներ է գնում` տարբեր երկրների Ազգային ժողովներում, միջազգային կառույցներում, որից հետո նրանք սկսում են ակնհայտորեն զբաղվել Բաքվի շահերի քարոզչությամբ: Հայաստանը շարունակում է մնալ գործողությունների պասիվ դիտորդի դերում, որոնք բխում է բացառապես Ադրբեջանի շահերից»,-ասել է նա` հավելելով, որ հայկական կողմը պետք է հակազդի դրան` օգտագործելով առկա բոլոր ռեսուրսները, այդ թվում ուժեղ սփյուռքը:

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մարտի 22-ին, փաստաթուղթ է ընդունել Հայաստանի վերաբերյալ, որտեղ, ի թիվս այլ դրույթների, առաջարկել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման միջնորդական առաքելությամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիային փոխարինի Եվրամիությունը:

Նշենք, որ փաստաթուղթը դեռեւս պետք է քվեարկության դրվի Եվրախորհրդարանի լիագումար նիստում, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մեկ ամսից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ