News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի որակական հատկանիշները համապատասխանում են գործող միջպետական ստանդարտին՝ ԳՕՍՏ 5542-87: Այս մասին այսօր` մարտի 23-ին, նշել է «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետ Հրանտ Թադեւոսյանը` Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպմանը քննարկվել են բնակչությանը մատակարարվող բնական գազի որակին, գազի սպառման ծավալներին առնչվող հարցեր, ինչպես նաեւ սպառողական շուկայի հետ  կապված մի շարք այլ խնդիրներ:

Հ. Թադեւոսյանի խոսքով, Հայաստան ներկրվող բնական գազի որակական հատկանիշները ստուգման են ենթարկվում Վրաստանի տարածքում գտնվող «Կարմիր կամուրջ» գազաչափիչ կայանում, ինչպես նաեւ հայ-վրացական սահմանին գտնվող «Կողբ» գազաչափիչ կայանում: Մատակարարվող բնական գազի ջերմատվության արժեքը մեկ խմ-ում 8000 կկալ-ից ցածր երբեք չի եղել:

«ՀայՌուսգազարդ»-ն ունի ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հավատարմագրված ստացիոնար եւ շարժական լաբորատորիաներ, որտեղ կանոնավոր կերպով կատարվում են բնական գազի որակական հատկանիշների ստուգումներ:

Նման լաբորատորիաներ ունեն Հայաստանի խոշորագույն գազ սպառողները՝ Հրազդանի ՋԷԿ-ը, Երեւանի ՋԷԿ-ը եւ «Արարատցեմենտ» գործարանը: Այսինքն, բացի «ՀայՌուսգազարդ»-ի լաբորատորիայից, Հայաստանում կա եւս երեք անկախ լաբորատորիա:

«ՀայՌուսգազարդ» ընկերությունն այդ սպառողների հետ ստորագրել է աշխատանքային կարգ, համաձայն որի իրականացվում են գազի որակի համատեղ փորձարկումներ եւ փոխստուգումներ: Ընդ որում, այդ լաբորատորիաները համատեղ աշխատում են ամեն օր՝ վերահսկելով մատակարարվող գազի որակը:

Բացի այդ, յուրաքանչյուր տասնօրյակը մեկ «ՀայՌուսգազարդ»-ը մամուլում հրապարակում է ըստ տարածքների մատակարարված բնական գազի ջերմատվության միջին արժեքների մասին տեղեկատվություն:

Ինչ վերաբերում է  2011-2012թթ. ջեռուցման սեզոնի ընթացքում գազի սպառման ծավալների ավելացմանը, Հ.Թադեւոսյանը նշել է, որ դա պայմանավորված է եղանակով, քանի որ նշված ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը զգալիորեն ցածր է եղել նախորդ ձմռան համեմատ: Համապատասխանաբար, այս ջեռուցման սեզոնին սպառումն ավելացել է:

Քննարկման ավարտին Սպառողների ազգային ասոցիացիայի աշխատանքային խումբն այցելել է «ՀայՌուսգազարդի» լաբորատորիա, որտեղ բնական գազի որակի համատեղ հետազոտություն է իրականացվել:

Քննարկումների արդյունքում Ասոցիացիայի աշխատանքային խումբն ընդունել է այն եզրակացությունը, որ բնակիչների բողոքները հիմնականում անարդարացի են: 

«Մեր այցի նպատակն էր քննարկել ազգաբնակչության կողմից բարձրացվող խնդիրը, որը վերաբերում է սպառված գազի դիմաց ավել վճարվող գումարներին: Մենք տեղում ծանոթացանք բոլոր աշխատանքների հետ, մանրամասնորեն քննարկվեցին բոլոր հարցերը, եւ մենք համարում ենք, որ ինչ-որ տեղ անարդարացի են այդ բողոքները: Ինչ վերաբերում է գազի որակի խնդրին, ապա այդ հարցը նույնպես քննարկվեց եւ պարզեցինք, որ գազի կալորիականությունը համապատասխանում է սահմանված նորմերին: Լաբորատոր հետազոտություն իրականացվեց մեր մասնագետների մասնակցությամբ եւ պարզվեց, որ եթե գազի կալորիականությունը սահմանված է 7900 կիլիկալորիա, ապա իրականում այն նույնիսկ ավելի բարձր էր:

Մենք սպառողներին մանրամասնորեն տեղյակ կպահենք այսօրվա հանդիպման արդյունքների մասին, որպեսզի մեր ազգաբնակչության անհանգստությունն այդ բոլոր հարցերի վերաբերյալ փարատվի: Վերջապես, մենք պետք է աստիճանաբար միմյանց վստահենք, այսինքն՝ սպառող-ծառայություն մատուցող հարաբերությունները պետք է այնպիսին լինեն, որ սպառողն իրոք վստահի ծառայությունները մատուցողին», - նշել է Ասոցիացիայի ղեկավար Մելիտա Հակոբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ