News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) հրապարակել է  տնային կենդանիների համընդհանուր հաշվառման տվյալները` 2012թ. հունվարի  1-ի դրությամբ: Ստացված արդյունքները, անկասկած, լավատեսություն կներշնչեն անասնաբուծության պայծառ ապագայի նկատմամբ:

Այսպիսով, խոշոր եղջրավոր անասունների գլխաքանակը մեկ տարվա ընթացքում ավելացել է 27,9  հազարով (կամ 4,9%-ով),  այդ թվում` կովերինը` 10,8 հազարով (4,0%): Տվյալ խմբում կովերի տեսակարար կշիռը կազմել է  47,3%, 1991 թ-ին այդ ցուցանիշը կազմում էր 39,2%:

«Այծեր եւ ոչխարներ» խմբում նույնպես աճ է արձանագրվել.  նրանց քանակն ավելացել է 57,7 հազարով (10,8%-ով): Սակայն պետք է նշել, որ  ոչխարներն այս խմբում մոտ 20 անգամ ավելի շատ են, քան այծերը: Բայց ահա խոզերին վերաբերող թվերն այնքան էլ մխիթարական չեն. գլխաքանակաը կրճատվել է 6,7 հազարով (5,8%-ով):

Եթե հաշվի չառնվի խոզերի թվի հետ կապված անմխիթար վիճակը, ընդհանուր առմամբ անասնաբուծության ոլորտում տարվա ընթացքում ակնհայտ դրական տեղաշարժ է նկատվում: Սակայն սա միակ պլյուսն է վերջին տարիներին անասնապահության պատմության մեջ` շուկայական հարաբերությունների անցնելուց հետո: Տնային կենդանիների թվաքանակը կտրուկ նվազել էր, հատկապես ոչխարների ու այծերի թիվը, դրական տեղաշարժ էր նկատվում միայն կովերի մասով:

Գրաֆիկից պարզ է դառնում, թե ինչպիսի աղետալի անկում է եղել հատկապես խոզերի եւ ոչխարների թվաքանակի առումով:  Նշենք, որ անգամ այն հեռավոր տարիներին հանրապետությունը չէր կարողանում ամբողջությամբ ապահովել մսամթերքի պահանջարկը: Այնպես որ, տեղական արտադրության մսեղենի ռեսուրսների հետ կապված իրավիճակը քսան տարվա ընթացքում ավելի է վատացել:

Նշենք, որ նախկինում շնչին ընկնող մսի միջին սպառման մակարդակը տարեկան կազմում էր 40 կգ, հիմա գրեթե կրկնակի պակաս է:

Ներկայումս, սակայն, խնդիրը  պայմանվորված է ոչ թե մսամթերքի դեֆիցիտով, այլ  բնակչության անվճարունակությամբ, այստեղից էլ գալիս է  մսամեթերքի` այլ երկրների համեմատ, ցածր գինը: Այս գործոնն էլ, իր հերթին, որոշակի առումով սահմանափակում է այդ ապրանքների ներմուծումը:

Որպես ամփոփում նշենք, որ գյուղմթերքի շուկաներում  ֆիքսվում է մսի ապրանքյաին ռեսուրսների միայն մի մասը: Հաճախ միսը  «կենդանի վիճակով» գնորդներին է հրամցվում մայրաքաղաքամերձ ճանապարհների եզրերին:

Ալբերտ Խաչատրյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ