News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մարտի 29-ին ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատը կազմակերպել էր քննարկում` նվիրված կոնյակագործության եւ գինեգործության խնդիրներին: Ոլորտի համատեղ ներկայացումը պատահական չէր: Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարական փաստաթղթում, որ կառավարության կողմից հաստատվեց 2011 թ. դեկտեմբերի վերջերին, կոնյակագործությունն ընտրվել է որպես առաջնահերթ ուղղություն, իսկ գինեգործության մասին խոսք չկա:

Այս հանգամանքն ակնհայտորեն դուր չի եկել գինեգործներին, որոնք սեմինարի ընթացքում անընդհատ շեշտում էին, որ կոնյակագործությունը չի կարելի տարանջատել գինեգործությունից` դրանք ներկայացնում են նույն ճյուղը: Իսկ թե ինչու է կառավարությունն անտեսել գինեգործությանը, որտեղ նույնպես արտահանման լուրջ պոտենցիալ կա, առայժմ հայտնի չէ:

Ի՞նչ խնդիրներ են ներկայացնում իրենք` գինեգործական ընկերությունների ներկայացուցիչները: Նախ` նրանք ցանկանում են լիտրերով վաճառքի թույլտվություն ստանալ (այսինքն` առանց շշալցնելու): Դա պատճառաբանում են նրանով, որ շշերը, որպես կանոն, ներմուծում են այլ երկրներից, ու բավական թանկ արժեն: Շշի, խցանի, պիտակի վրա կատարվող ծախսերը գինու ինքնարժեքում զգալի տեսակարար կշիռ են կազմում ու թանկացնում են ապրանքը: Եթե հնարավորություն ստանան գինին իրացնել առանց շշալցման` ապա վստահ են, որ միայն ներքին շուկայում իրացման 20%-ի աճ կունենան: Նաեւ վստահեցնում են, որ ակցիզային դրոշմանիշների կիրառումից չեն խուսափի:

Հաջորդ խնդիրը վերաբերում է գինի խմելու մշակույթի ձեւավորմանը: Հայաստանում արմատավորվել է օղի խմելու մշակույթը, այնինչ բարձրորակ օղին հիմնականում ներմուծվում է: Գինի խմելու մշակույթի զարգացումը կարող է լրջորեն նպաստել տեղական գինեգործության զարգացմանը: Որպես օրինակ նշվում է հարեւան Վրաստանը, որտեղ տեղական արտադրության սպիտակ գինին համարյա ամբողջությամբ իրացվում է երկրի ներսում, իսկ արտահանվում է կարմիրը: Սակայն գինու մշակույթի զարգացման համար հարկավոր է լուրջ քարոզչական արշավ սկսել, իսկ գինու գործարանները նման ռեսուրսներ չունեն: Կառավարությունը, փաստորեն, այս հարցում քայլ չի անում:

Խնդիր կա նաեւ խաղողի սորտերի հետ կապված: Բարձրորակ կարմիր գինու ստացման համար համապատասխան սորտերը չեն բավականացնում: Կարմիր խաղողի զգալի ցանքատարածություններ կան հյուսիս-արեւելյան շրջաններում, սակայն այնտեղ ֆիլոքսերա հիվանդություն կա: Գինեգործների կարծիքով` հարկավոր է կարմիր խաղողի սորտերի ցանքատարածությունները ընդլայնել Արարատյան դաշտում, ինչի շնորհիվ կլուծվի հումքի խնդիրը: Հարկավոր է նաեւ զարկ տալ խաղողի աբորիգեն սորտերի մշակմանը, որը կապահովի հայկական գինիների յուրահատկությունը:

Հաջորդ խնդիրը կապված է հարկային քաղաքականության հետ: Գինեգործարանների զգալի մասը նոր սարքավորումներ ձեռք բերելու անհրաժեշտություն ունի, սակայն չի կարողանում ավելացված արժեքի հարկի վճարման տարկետում ստանալ, քանի որ ներմուծված սարքավորումների արժեքը չի գերազանցում 300 մլն դրամը:

Ակնհայտ է, որ այս խնդիրների մեծ մասի լուծումը միասնական մոտեցում եւ պետական քաղաքականության հստակեցում է պահանջում: Սակայն առայժմ գինեգործությունը կառավարության կողմից ակնհայտորեն ստորադասվում է կոնյակագործությանը, ինչն էլ իր արտահայտությունն է գտնում պետական ծրագրերում:

Նշենք, որ 2011 թ. Հայաստանն արտահանել է մոտ 733 հազ. լիտր գինի` 2.5 մլն դոլար ընդհանուր մաքսային արժեքով: Կոնյակի արտահանումը կազմել է մոտ 9.5 մլն լիտր` 130 մլն դոլար ընդհանուր մաքսային արժեքով: Ընդ որում` 2010 թ. համեմատ կոնյակի արտահանման ոլորտում առկա է աճ, իսկ գինու արտահանման ոլորտում` անկում:

 

Սամվել Ավագյան

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ