Reviews
Լրահոս
Reviews
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո մի քանի տարի պահանջվեց, որ վերականգնվի արտերկրից Հայաստան ուղարկվող գումարների նախկին մակարդակը։ Ավելին, դրանք սկսել էին բավականաչափ գերազանցել նախաճգնաժամային ցուցանիշները։

Սակայն անցած տարի վիճակը դարձյալ փոխվեց: Մասնավոր տրանսֆերտների հոսքը ոչ միայն վերադարձավ, այլեւ նույնիսկ մի փոքր զիջեց 2008թ. մակարդակը: Թերեւս այս հանգամանքն էլ էական դեր խաղաց արժութային շուկայի զարգացումների եւ ազգային արժույթի արժեզրկման հարցում, ինչին ականատես եղանք հատկապես անցած տարվա վերջին երկու ամիսներին:

Ֆիզիկական անձանց կողմից ոչ առեւտրային նպատակով Հայաստան փոխանցվող գումարներն անցած տարի զգալիորեն նվազեցին: Եթե մինչեւ սեպտեմբեր դեռեւս պահպանվում էր աճի դրական դինամիկան,  ապա հոկտեմբերից հետո տարնսֆերտային հոսքերը դարձան բացասական: Տարեվերջից ընդամենը մեկ ամիս առաջ (դեկտեմբերի տվյալները դեռեւս չեն հրապարակվել) մասնավոր ոչ առեւտրային փոխանցումները կրճատվել են 4,8 տոկոսով:

Համաձայն ԿԲ-ի հրապարակած տվյալների՝ անցած տարվա 11 ամիսներին բանկային համակարգի միջոցով ընդհանուր առմամբ արտերկրից ոչ առեւտրային նպատակով ստացվեց 1 մլրդ 601 մլն դոլար։ Հոկտեմբեր-նոյեմբերին արձանագրված կտրուկ անկման հետեւանքով տրանսֆերտների հոսքերն այլեւս դադարեցին դրական լինել։ Տարեսկզբին ակնկալվող 9 տոկոսի փոխարեն  11 ամիսների տվյալներով տրանսֆերտները նախորդ տարվա համեմատ նվազեցին ավելի քան 80 մլն դոլարով։

Ոչ առեւտրային գումարների ներհոսքի նվազումը արտահայտվեց գերազանցապես ռուսական շուկայից ուղարկվող ֆինանսական միջոցների կրճատման տեսքով։ Անցած տարվա 11 ամիսների ընթացքում բանկային համակարգի միջոցով Ռուսաստանից պակաս ստացվեց ընդհանուր առմամբ շուրջ 109,4 մլն դոլար /անկումը՝ 7,5 տոկոս/։ Եթե 2013թ. 11 ամիսներին ռուսական շուկայից Հայաստան էր ուղարկվել 1 մլրդ 445 մլն դոլար, ապա  անցած տարվա նույն ժամանակահատվածում այդպիսի փոխանցումներն ընդամենը 1 մլրդ 336 միլիոնի շրջանակներում էին։ Սա համարժեք է 2008թ. նույն ժամանակահատվածում ռուսական շուկայից ոչ առեւտրային նպատակով ուղարկված գումարներին։ Այլ կերպ ասած, դրանք վերադարձել են 6 տարի առաջվա մակարդակին, երբ նոր էր սկսվում համաշխարհային ճգնաժամը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ