Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

 «Առավոտ» թերթը գրում է. «Իր գործունեության վերջին շրջանում՝ մոտավորապես 2000-ական թթ. սկսած, Apple ընկերության հիմնադիր եւ նախագահ Սթիվ Ջոբսը լրջորեն հետաքրքրվում էր կրթության խնդիրներով: Այդ բիզնեսմենի մոտ, ինչպես հայտնի է, փող աշխատելու, գերազանց արտադրանք ստեղծելու եւ մարդկությանը օգուտ բերելու խնդիրները սերտորեն միահյուսված էին միմյանց: Ջոբսը նկատել էր, որ ուսումը ԱՄՆ դպրոցներում եւ քոլեջներում, ի տարբերություն Եվրոպայի զարգացած երկրների, դեռեւս գտնվում է 20-րդ դարում՝ թղթե դասագրքերով եւ տետրակներով:  Նա պլանավորում էր ստեղծել թվային դասագրքեր, որոնք, բնականաբար, կտեղադրվեին Apple-ի արտադրանքում՝ նրա համակարգիչներում, ipad-ներում եւ iphone-ներում՝ համապատասխան ուսումնական ծրագրերով:

Ըստ Ջոբսի՝ պետք է հասնել նրան, որ բարձր դասարանների աշակերտները աշխատանքները կատարեն տանը՝ թվային նյութի հետ, իսկ դպրոց կամ բուհ գան՝ ուսուցչի, դասախոսի ղեկավարությամբ քննարկելու եւ բանավիճելու հանձնարարված թեմայի շուրջ: Այդ խնդրի մասին Ջոբսը խոսում էր թե իր գործընկեր բիզնեսմենների, թե կրթության եւ գիտության  պատասխանատուների եւ թե բարձր պաշտոնյաների, այդ թվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Ցավոք, տեղեկատվական ոլորտի մեծ հեղափոխականի մահը (2011 թ.) թույլ չտվեց իրականացնել այդ մասշտաբային բարեփոխումը:
Այսօրվա Հայաստանում ապրող մարդկանց կեսից ավելին կրթություն է ստացել խորհրդային դպրոցում, եւ չնայած շատերը (երբեմն արդարացիորեն) խոսում են այդ կրթության առավելությունների մասին, դրանք, իմ կարծիքով, նսեմացվում են այն հոգեբանական տրավմաներով, որոնք ստանում էինք մեր դպրոցական  տարիներին: Սթերսներից մեկն այն ժամանակ է  «վրա հասնում», երբ երեխաներին ասում են՝ «արի՛ գրատախտակի մոտ», որից հետո սկսվում է հարցաքննություն՝ ստալինյան «էնկավեդե»-ի ոճով: Եվ կախված նրանից, թե որքանով են «քննիչին» դուր եկել «մեղադրյալի» պատասխանները, այնքանով նա խրախուսում է վերջինիս՝ տարբեր գնահատականներով: Ժամանակակից տեխնոլոգիաները նույնիսկ Հայաստանում թույլ են տալիս խուսափել այդ ամենօրյա «կառափնարաններրից»:

Գնահատականը պետք է աշակերտին կամ ուսանողին օգնի հասկանալ սեփական ուժեղ կամ թույլ կողմերը եւ չլինի պատժամիջոց»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ