Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Քաղաքականությունն այլ տեսակ ունակություններ է պահանջում՝ այստեղ դու պետք է ճշգրիտ գնահատես քո եւ դիմացինիդ ռեսուրսները: Նյութական ռեսուրսներ ԲՀԿ-ն ուներ՝ նույնիսկ այնքան, որ կարողանում էր օգնել գործընկեր կուսակցությանը: Բայց դա բավարար չէ: ԲՀԿ-ն ակնհայտորեն թերագնահատել է իշխանության վարչական եւ ուժային ռեսուրսները: Սակայն դա էլ որոշիչ չէ: Կուսակցությունը չուներ գաղափարական ռեսուրս:

«Մենք մեր ժողովրդի հետ ենք, ժողովրդի կողքին ենք, նրա դարդուցավերով ենք տապակվում» կամ «պահանջում ենք անհապաղ իշխանափոխություն»՝ դրանք գաղափարներ չեն, պարապ խոսքեր են: Բայց հենց դա է կազմում զուտ քաղաքական ռեսուրսի հիմքը:

Որպեսզի ոչ ոքի չվիրավորեմ, վերցնեմ դարձյալ իմ օրինակը: Իմ գործը գրելն է եւ եթերում խոսելը: Ես դրանի՛ց եմ բավականություն ստանում, դա եմ աշխատում անել հնարավորինս լավ: Բայց բացառված չէ, որ ինչ-որ մեկն իմ խելքն ուտի եւ սկսի համոզել, որ ես կարող եմ դառնալ քաղաքական գործիչ, պատգամավոր, պետական պաշտոնյա կամ, չգիտեմ՝ տիեզերագնաց: Հնարավոր է նաեւ, որ առանց որեւէ մեկի «բզելու»՝ իմ մեջ, այսպես ասած, «ինքնաբուխ» ուղեղի մթագնում առաջանա, ու ես սկսեմ նման հավակնություններ ունենալ: Այդ դեպքում իմ բոլոր իսկական ընկերներն ու բարեկամները պետք է ուղիղ իմ երեսին ասեն, որ իմ մտածածը հիմարություն է, եւ ես պետք է, որքան հնարավոր է, շուտ հետ կանգնեմ այդ մտադրությունից:

Բայց հավանական է, որ կգտնվեն կեղծ բարեկամներ, որոնք կսկսեն ինձ տարբեր կողմերից «տաքացնել». «Վախ, շեֆ ջան, դու երկրորդ Յուրի Գագարինն ես, ուղղակի ստեղծված ես տիեզերագնաց դառնալու համար: Թարգիր այդ գրելը եւ սկսիր քո այգում տիեզերանավ կառուցել, որպեսզի Յուպիտեր թռչես»: Եթե ինձ հաճելի լինի լսել այդ շողոքորթությունները, եւ ես փող ունենամ, գուցե սկսեմ այդ տիեզերանավը սարքել: Բայց երբ այդ գործում հաջողություն չեմ ունենա, ինձ «տաքացնողները» միանգամից կանհետանան, կչքանան, լավագույն դեպքում «հրաժեշտի խոսք» կգրեն կամ նույնիսկ կսկսեն ինձ ավելի շատ ծաղրել, քան իմ «չուզողները»: Եվ դա բնական է. ոչ ոք իմ հիմարությունների համար պատասխանատու չէ: Բացի ինձնից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ