Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Օրինաց Երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ից հեռացած մի շարք պատգամավորներ դիմել են իրենց՝ ՕԵԿ-ին անդամագրվելու հարցով: Նա որեւէ պատգամավորի անուն չի հրապարակել, ինչին էլ ի պատասխան՝ դեռեւս գործող ԲՀԿ-ականները հակադարձել են, որ այս հարցի լուծման ամենակարճ ճանապարհն ՕԵԿ-ին դիմածների ցուցակը հրապարակելն է: Կհրապարակվի՞ նման ցուցակ, թե՞ ոչ՝ այդքան էլ էական չէ: Ինչպես որ էական չէ այն՝ արդյո՞ք իրականում ԲՀԿ-ից դուրս եկածները դիմել են ՕԵԿ-ին, թե՞ ոչ:

Մյուս կողմից, սակայն, նման ներկուսակցական կամ միջկուսակցական մանրուքները վկայում են Հայաստանի քաղաքական դաշտի, թերեւս, ամենախորքային արատներից մեկի մասին: Հայաստանում կուսակցությունից կուսակցություն անցնելու սովորույթը երկարամյա պատմություն ունի: Իսկ դրա հիմնական պատճառն այն է, որ կուսակցությունների գերակշիռ մեծամասնությունը ոչ թե գաղափարների, արժեքների, սկզբունքների վրա հիմնված միավորումներ են, այլ ընդամենը տանիքներ՝ «քաղաքականությամբ զբաղվելու» համար: Իսկ այն, որ այսօր նման «բանավեճ» է ծավալվել հատկապես ՕԵԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, շատ խորհրդանշական է: Երկուսն էլ տարբեր ժամանակներում իշխանությունների (տարբեր) կողմից արհեստականորեն կազմավորված ուժեր են, որոնց նպատակը եղել է ընտրություններում իրական ընդդիմության ձայները «խլելը»:

Երկուսն էլ այդ ծառայության դիմաց տարիներ շարունակ գտնվել են իշխանության հետ կոալիցիայի մեջ, տարիներ շարունակ օգտվել են իշխանական կերակրատաշտից: Երկուսն էլ ճակատագրի, հանգամանքների, իսկ գուցե՝ հեռահար քաղաքական հաշվարկների արդյունքում՝ ներկայումս հռչակվել են ընդդիմություն: Թե հատկապես երբ եւ ինչ դրսեւորմամբ կարտահայտվի նրանց հերթական ծառայությունն իշխանությանը, ցույց կտան առաջիկա զարգացումները: Իսկ ԲՀԿ-ականնե՞րը կգնան ՕԵԿ, թե՞ հակառակը, ընդամենը սպորտային հետաքրքրության հարց է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ