Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տուն-ինտերնատում տարիներ շարունակ հիմնադրված «բեսպրեդելը» գործում է: «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած տուն-ինտերնատի աշխատակիցները պահանջում են, որ աշխատավայրում մարդկային նորմալ պայմաններ ստեղծվեն, եւ արդարության պակասը չխեղդի մարդկանց:

«Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել Վարդենիսի տուն-ինտերնատում տիրող իրավիճակին: Ու որքան էլ այնտեղ ղեկավարներ են փոխվում, միեւնույն է, իրավիճակը շարունակում է նույնը մնալ: Դեռեւս փետրվարի 28-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ աշխատակիցների աշխատավարձերն անսպասելիորեն կրճատել էին, ինչը դժգոհության առիթ էր դարձել: Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել էինք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ, որը հայտնել էր, թե սխալ հաշվարկ է եղել: Իսկ ահա մեր հրապարակումից որոշ ժամանակ անց աշխատակիցների չվճարված աշխատավարձը վճարվեց:

Եվ, ահա, այս օրերին «Ժողովուրդ»-ի խմբագրություն են ահազանգել մի խումբ աշխատակիցներ եւ հայտնել, որ տուն-ինտերնատում տիրող իրավիճակը խիստ անհանգստացնում է իրենց: Ըստ աշխատակիցների, որոնց անունները հարգելի պատճառներով չենք հրապարակում, եթե հնարավորություն ունենային այլ աշխատանք գտնելու, կլքեին տուն-ինտերնատը, սակայն օրվա հացի խնդիրը լուծելու համար ստիպված հանդուրժում են տիրող անարդարությունը:

Եվ այսպես, աշխատակիցների պատմելով՝ իրենց աշխատանքային հրամանները փոխել են առանց իրենց գիտության. «Ոչ ոք չգիտի՝ ինչ հաստիքի տակ է աշխատում: Մենք հստակ պայմանագիր չենք կնքում՝ հասկանալու համար, թե մեր աշխատանքը երբ է սկսվում եւ երբ ավարտվում: Մեզ ասում են, թե կրճատվելու եք, եթե մեր ուզածը չանեք, բայց անծանոթ մարդկանց են աշխատանքի ընդունում: Ու սա էլ դեռ քիչ չէ, կան մարդիկ, որոնք աշխատանքի չեն ներկայանում, սակայն աշխատավարձ են ստանում: Մենք կարող ենք երկու աշխատակցի անուն ասել, օրինակ՝ տուն-ինտերնատի կադրերի բաժնի վարիչ Կարինե Մաթեւոսյանի որդին չի գալիս աշխատանքի, մի հատ ներկա չունի, բայց աշխատավարձ է ստանում, այս նույն կարգավիճակի մեջ է նաեւ մեր հաշվապահի քրոջ որդին: Չկա որեւէ մեկը, որ ստուգում իրականացնի եւ այս խայտառակությունը կասեցնի»:

Աշխատակիցները բարձրաձայնեցին նաեւ, որ տուն-ինտերնատի ներսում ինչ-որ արտոնյալներ կրպակ են բացել եւ ինտերնատի բնակիչներից Ռիմային աշխատացնում են այդ կրպակում որպես վաճառողուհի. «Այնպես են արել, որ մենք՝ որպես այնտեղի աշխատակիցներ, միայն այդ խանութից պետք է գնումներ անենք, որ իրենց բիզնեսը ծաղկի: Ու երբ այս խնդիրը բարձրաձայնում ենք, մեզ ասում են՝ երբ տնօրենը վերադառնա, ձեզ հեռացնելու ենք աշխատանքից: Այս ի՞նչ վերաբերմունք է, ի՞նչ անարդարություն է, մեկը չկա՝ գա ու ստուգի, թե ինչ են անում սրանք այստեղ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ