Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթն իր խմբագրականում գրում է. «Վրաստանը փոքր երկիր է, որն ունի մեծ սիրտ ու ավելի մեծ երազանքներ»,- այսպես է սկսել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում իր ելույթը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: «Մեր տեսլականը հստակ է այնպես, ինչպես եւ մեր ապագան»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:

Երկու օր առաջ նույն ամբիոնից ելույթ էր ունեցել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով խոսել էր առավելապես ղարաբաղյան հակամարտության, հայ-ադրբեջանական սահմանային լարվածության եւ անվտանգության թեմաների վերաբերյալ: Այդ խնդիրների ու հնչած ձեւակերպումների տեսանկյունից Սերժ Սարգսյանի ելույթը հաջողված էր եւ համարժեք այս օրերին տեղի ունեցող իրադարձություններին, ինչն ընդունում են անգամ նրա ընդդիմախոսները:

Տվյալ դեպքում, խոսքը, սակայն, ՄԱԿ-ի ամբիոնի կամ առաջնորդների հռետորաբանության մասին չէ: Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չէր խոսում Հայաստանի երազանքների մասին, այն դեպքում, երբ մենք՝ հայերս, գոնե մեր ինքնագնահատականի առումով, ունենք ավելի մեծ սիրտ եւ միշտ դա ներկայացնում ենք՝ որպես առավելություն՝ մեր հարեւանների հետ համեմատվելիս: Խնդիրն այն է, որ Հայաստանը՝ որպես պետություն, հայ հասարակությունը՝ որպես հանրույթ, ըստ էության, չունի երազանք: Նաեւ երազանքի բացակայությունն է պատճառը, որ Հայաստանը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական հարցերում առաջնորդվում է իրավիճակային, այսրոպեական շահերով ու դիրքորոշումներով, մի օր տրվում է Ռուսաստանին, մի քանի օր անց հավատարմության երդում է տալիս Արեւմուտքին:

Երազանքի ու այդ երազանքի իրացմանն ուղղված ռազմավարության բացակայության մասին վկայող հակասությունների շարքը, դժբախտաբար, կարելի է անվերջ շարունակել, դրանցով լցված է մեր՝ պետության ու հասարակության կյանքը: Ու, թերեւս, պատահական չէ, որ հայ ժողովրդի դարավոր երազանք համարվող անկախությունն անցած 24 տարիների ընթացքում ոչ միայն չփայփայվեց ու չհզորացվեց, այլեւ հասցվեց խոցելիության վտանգավոր աստիճանի: Դա երազանքի՝ պետական, հանրային երազանքի բացակայության ամենացավալի վկայությունն է:

«Մենք կարծես մեր բոլոր հաջողությունները կապում ենք ոչ թե՝ ապագայի, այլ՝ անցյալի հետ: Իսկ դա նշանակում է, որ մենք երազանք չունենք, ինչը շատ վտանգավոր եմ համարում»,- իր հարցազրույցներից մեկում ասել է հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանը: Թերեւս, հենց այս տրամաբանությունն է ընկած այն իրողության հիմքում, որ հայ ժողովրդին եթե ինչ-որ բան իսկապես միավորում է, դա Հայոց ցեղասպանության հիշողությունն է ու դրա միջազգային ճանաչումն ու դատապարտումը, որը, որքան էլ ոչ հաճելի հնչի, նմանվում է երազանքի: Իրականում, սակայն, դա հակաերազանք է:

«Իսկական երազանքը պարադոքսալ հատկություն ունի. եթե այն կիսում ես ինչ-որ մեկի հետ, նրա ուժը բազմապատկվում է»,- մեկ այլ առիթով ասել է նույն Ռուբեն Վարդանյանը:

Հայաստանը երազանք չունի եւ, եթե աշխարհի հետ ինչ-որ բան կիսում է, ապա՝ միայն դժբախտությունները, մնացած ամեն ինչը ոչ թե՝ կիսելով, այլ՝ ամբողջությամբ տված լինելով Ռուսաստանին:

Կյանքը ցույց է տալիս, որ դրա արդյունքում բազմապատկվում է ոչ թե մեր ուժը, այլ դժբախտությունները: Իրականում բոլոր մարտահրավերները՝ ներքին, արտաքին, կարելի է հաղթահարել, բայց լայն իմաստով՝ որպես պետություն եւ հասարակություն, մենք դատապարտված ենք այնքան ժամանակ, քանի դեռ չենք ձեւակերպել մեր իրական երազանքը, դեպի ապագա ուղղված երազանքը: Քանի դեռ չենք ձեւակերպել՝ ունենալու ենք այս ու այն բեւեռների միջեւ խարխափող ընդդիմություն ու իշխանություն, արտագաղթը փրկության միակ ճանապարհ համարող հասարակություն: Իսկ դա պետության համար ավելի սարսափելի դատավճիռ է, քան նույնիսկ արտաքին որեւէ ոտնձգություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ