Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Այսօր Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում քվեարկության են դրվելու հակահայկական բովանդակության երկու զեկույցները՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» եւ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» խորագրերով: Մինչեւ քվեարկության պահը շատ բարդ է կանխատեսելը՝ արդյոք դրանք կընդունվե՞ն, թե՞ ոչ:

Թեեւ վերջին մեկ-երկու ամիսներին հայկական կողմը՝ խորհրդարանական եւ այլ խողովակներով, բավական աշխատանք է կատարել այդ զեկույցների ընդունումը կանխելու ուղղությամբ, այդուհանդերձ որեւէ երաշխիք չկա, որ դրանք չեն ընդունվի: Միակ երաշխիքը, եթե կարելի է այդպես անվանել, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություն-կոչն է ԵԽ ԽՎ-ին՝ նման զեկույցներով չխոչընդոտել ղարաբաղյան հակամարտության կարգավորման առայժմ միակ ընդունելին ձեւաչափին՝ Մինսկի խմբին: Եվ եթե հակահայկական զեկույցները չընդունվեն, ապա առաջին հերթին՝ դա տեղի կունենա ԵԱՀԿ-ի այս հայտարարության շնորհիվ: Թեեւ դա, իհարկե, չի նշանակում, որ պետք է թերագնահատել հայ պատգամավորներից շատերի՝ ԵԽ ԽՎ-ի իրենց գործընկերների ապաշնորհության արդյունքում ստեղծված անթույլատրելի վիճակը շտկելուն ուղղված աշխատանքը:

Իսկ եթե այդ փաստաթղթերն ընդունվեն, ապա դա, ի թիվս այլ բացասական հետեւանքների, զգալիորեն կվնասի նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հեղինակությանը, ինչին տարիներ շարունակ ձգտում են Ադրբեջանն ու Թուրքիան: Սակայն կոնկրետ այս երկու փաստաթղթերի ընդունման ճակատագրից բացի, Հայաստանին պետք է հուզի նաեւ այն, թե ինչու, ինչ պատճառներով է հնարավոր դարձել նման բանաձեւերի ծնունդն ընդհանրապես: Ամեն ինչ միայն Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» ու եվրոպացիների ծախվածության վրա բարդելն արդեն քաղաքական անմեղսունակության աստիճանի հասնող անզորություն է:

Պետք է ազնվություն ունենալ ու խոստովանել, որ նման զեկույցները հնարավոր են դարձել նաեւ Հայաստանի կողմից տարիներ շարունակ վարվող անսկզբունքային արտաքին քաղաքականության, ամեն ինչ ռուսական շահերին ստորադասելու ու Եվրոպային ռուսական պրիզմայով նայելու, ու անշուշտ, ԵԽ ԽՎ նստաշրջանները զբոսաշրջային արկածների վերածած հայկական պատվիրակության անդամների կամ դրանց մի մասի աշխատանքի, իսկ ավելի հաճախ՝ անգործության պատճառով: Այս հարցերի մասին չմտածելն ու դրանցից համապատասխան հետեւություններ չանելը հանգեցնելու է նորանոր նմանատիպ փաստաթղթերի ի հայտ գալուն, որոնց դեմ Հայաստանը, լավագույն դեպքում, պայքարելու է Postskriptum:

Ինչ վերաբերում է այսօրվա փաստաթղթերին, ապա դրանց չընդունվելու դեպքում հայկական պատվիրակության կողմից հաղթական «դափնիները» սեփական աշխատանքին վերագրելը, իսկ ընդունվելու դեպքում՝ եվրոպացիների ծախվածության մասին բարբաջանքը կրկնելը, վկայելու է, որ իրականում ոչ մի հետեւություն էլ չի արվել: Ինչ վերաբերում է ԵԽ ԽՎ-ին, ապա այդ կառույցի ղեկավարությունը, ըստ ամենայնի, զգացել է հակահայկական այս զեկույցների ընդունման հարցում սեփական մեղավորությունը եւ պատժել է ինքն իրեն՝ Հերմինե Նաղդալյանը երեկ ընտրվել է ԵԽ ԽՎ փոխնախագահ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ