Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Այսօր Երեւան է ժամանելու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նրա այսօրվա այցի մասին հայտարարվել էր ապրիլյան պատերազմի ամենաթեժ օրերին` Լավրովի` Բաքու կատարած այցի ընթացքում: Դա այն այցն էր, որը կազմակերպվեց ժամերի ընթացքում, որպեսզի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի` Երեւան կատարած այցը չհամարվի պարիտետի խախտում «ռազմավարական դաշնակից» երկրի եւ մի երկրի միջեւ, որին Ռուսաստանն անվանում է «ռազմավարական գործընկեր» եւ զենք է վաճառում այդ, ինչպես ռուս պաշտոնյաներն են ասում` «ռազմավարական պայմանագրերի» հիման վրա:

Մեդվեդեւը, իհարկե, Երեւանից մեկնեց Բաքու` վերականգնելով ոչ միայն՝ պարիտետը, այլ նաեւ՝ ադրբեջանցիների վստահությունն առ այն, որ իրենք Ռուսաստանի նման ռազմավարական գործընկեր ունեն: Մեդվեդեւը մեկնեց Բաքու, որպեսզի Ալիեւին փոխանցեր Վլադիմիր Պուտինի ողջույններն ու Մոսկվա այցելելու հրավերը եւ Ալիեւից ընդուներ շնորհակալական խոսքը` ապրիլյան պատերազմում կրակի դադարեցման պայմանավորվածության կայացման գործում Ռուսաստանի ունեցած դերակատարության, իմա` հայկական կողմի հակահարձակումը կանխելու համար: Իսկ մինչ այդ Լավրովը Բաքվում արդեն հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման «պայմանագրի գրեթե բոլոր բաղադրիչները սեղանին են»:

«Հարցը նույնիսկ այն չէ, թե ինչպես դասավորել այդ բաղադրիչները, այլ՝ ձեւակերպումների մեջ է, մենք շատ մոտ ենք հակամարտության կարգավորմանը»,- ասել էր Լավրովը Բաքվում: Ու շատ «պատահականորեն» Լավրովի այս հայտարարություններից հետո ադրբեջանական կողմը սկսեց խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռուսական` «լավրովյան» պլանի մասին, նույնքան «պատահականորեն» ռուսական իշխանամերձ մամուլը սկսեց ակտիվորեն գրել հակամարտության կարգավորման գործում Պուտինի նոր դերակատարության մասին` դրան կից ներկայացնելով ռուսական պլանի էությունը:

Նախօրեին այդ մասին գրել էր «Իզվեստիան», երեկ` «Կոմերսանտը»` բնականաբար, հղում անելով «դիվանագիտական աղբյուրներին»: Այդ պլանի էությունն այն է, որ հայկական կողմն Ադրբեջանին է հանձնում մի քանի ազատագրված շրջան («Կոմերսանտը», օրինակ, դրանք անվանում է «Հայաստանի կողմից զավթված ադրբեջանական շրջաններ»), ադրբեջանցի փախստականները վերադառնում են իրենց նախկին բնակության վայրեր, եւ «կրքերը հանդարտվելուց» որոշ ժամանակ անց` որոշվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Իսկ «կրքերի հանդարտեցումը», կամ, որ նույնն է` «հանդարտեցման թույլ չտալը», ապահովում են խաղաղապահ ուժերը, որոնց կազմի մասին ռուսական թերթերը «համեստորեն» լռում են` բնականաբար, նկատի ունենալով, որ դրանք պետք է լինեն հենց ռուս խաղաղապահներ:

Ռուսական թերթերը լռում են նաեւ այն մասին, թե ինչու է Ռուսաստանը ցանկանում կարգավորել մի հակամարտություն, որի չկարգավորված լինելը հանդիսանում էր ռուսական արտաքին քաղաքականության կարեւորագույն մասը: Ռուսական թերթերը լռում են ու չեն գրում, որ դրա հիմնական նպատակն Ադրբեջանի անդամակցությունն է ԵՏՄ-ին: Ռուսական թերթերը լռում են ու չեն գրում նաեւ այն մասին, որ այդ անդամակցության դիմաց ռուսական կողմը պարտավորվել է ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ` այդ տարածքներն Ադրբեջանին հանձնելու համար:

Ու նրանք առավել եւս լռում են ու չեն գրում այն մասին, որ Լավրովն այսօր Երեւան է գալիս` այդ հարցում Հայաստանի իշխանության պատասխանը ստանալու համար:

Ինչպիսի՞ն կլինի այդ պատասխանը` Հայաստանում բարեկամաբա՞ր Լավրովին կհասկացնեն, որ դա անընդունելի է հայկական կողմերի համար, թե՞ կհասկացնեն` մեջբերելով երկու տարի առաջ Բաքվում Լավրովի հասցեին հնչած հայտնի արտահայտությունը, էական չէ:

Կարեւորն այն է, որ Լավրովը Երեւանից հեռանա՝ իր հետ տանելով Հայաստանի իշխանության ուղերձն առ այն, որ կա սահմանագիծ, որից այն կողմ հայկական կողմերին ինչ-որ բան առաջարկողն ու, առավել եւս` պարտադրողն ինքնաբերաբար դառնում է թշնամի` դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Կհասկացնե՞ն Լավրովին այդքանը, շատ լավ: Չե՞ն հասկացնի, ստիպված կլինեն հայ հասարակությանը բացատրել, թե ինչու ու ինչպես չեն կարողացել մերժել Ռուսաստանի հակահայկական պլանը: Հակառակ դեպքում հայ հասարակությունն ինքը կգտնի հասկացնելու ձեւը: Ո՛չ միայն Լավրովին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ