Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Ռուբիկ Ստեփանյանի լիազորությունների դադարեցումից հետո խոսակցություններ կան, որ «Նուբարաշենի» պետ են ուզում նշանակել քոչարյանական տարիներից ՔԿՀ-ներում, այնուհետեւ ոստիկանությունում ներդրված ԱԱԾ-ի կադր, հանցաշխարհի հետ սերտաճած Սերոբ Հարությունյանին, ում մարտի 2-ին Վլադիմիր Գասպարյանի հրամանով ազատել էին զբաղեցրած պաշտոնից: Ո՞վ է նա եւ ի՞նչ ռեժիմ կարող է լինել նրա՝ ՔԿՀ վերադարձից հետո… 

 Դատապարտյալի կամ կալանավորի` կարանտինային բաժանմունքում տեղավորվելուց հետո, Սերոբ Հարությունյանի պարտադիր իմացությամբ, գործին կցվում էին ՔԿՀ-ի որոշ օղակներ, այդ թվում` օրենքից դուրս գործող: Դատապարտյալին եւ հատկապես նորեկին, սկզբում մոտենում էին սոցիալ-հոգեբանները եւ նրա «դարդուցավից» հարցնում, խնդիրներից, ընտանիքից, ձեռքի հետ էլ` ֆինանսական հնարավորություններից եւ նրան նախապատրաստում բանտային միջավայրին հարմարվելուն: Այս ինֆորմացիան փոխանցվում էր ՔԿՀ-ի «օպերներին», որոնք մշակելով այդ ինֆորմացիան, սկսում էին այդ ուղղությամբ աշխատել:

Ըստ օրենքի՝ յուրաքանչյուր դատապարտյալի համար վարվում էր անձնական գործ: Անձնական գործը պետք է ներառեր նրա անձին եւ պատիժը կատարելուն վերաբերող պարբերաբար թարմացվող տեղեկություններ, այդ թվում` դատապարտյալի նկատմամբ նախկինում կիրառված խափանման միջոցի մասին, ուղղիչ հիմնարկ ընդունելու եւ պատժից ազատելու ամսաթվերը: Իսկ արդեն ոչ փաստաթղթային եւ թարմացվող տեղեկությունների մեջ կարող էին մտնել նաեւ դատապարտյալներին վարկաբեկող կամ «կոմպրոմատային» տեղեկությունները` հետագայում այդ անձանց «ըստ նշանակության» օգտագործելու համար, որոնցով զբաղվում էին հենց «օպերները», եւ որոնց գործունեությունն անօրինական էր հենց միայն այն պատճառով, որ նրանց մասին օրենքում հիշատակում կարծես թե չկա:

Անդրադառնալով նրանց կողմից հավաքվող տեղեկությունների անօրինական կողմին` նշենք նպատակը: Օրինակ՝ եթե կարանտինային բաժանմունք ընդունվածը հայտնի անունով մեկն էր կամ օլիգարխիատի ներկայացուցիչ, նա կարող էր օգտագործվել ընտրությունների ժամանակ կամ հանդիսանալ ֆինանսական աղբյուր. նրան կարող էին փողի կամ ծառայության դիմաց տեղավորել հարմար խցում, ազատազրկման ժամանակահատվածը ավելի թեթեւ անցկացնելու համար տալ իրավունքներ, հնարավորություններ եւ նրան այնտեղ չէին նեղացնի:

Ի դեպ, օրենքը նախատեսում է անձնական գործում զետեղված տվյալների, տեղեկությունների գաղտնիությունը, եւ երեւի թե պատճառը նաեւ այն էր, որ գործերի վրա գրվում էին արտահայտման կամ գրելու համար ոչ պարկեշտ բառեր եւ տվյալ անձինք ուղարկվում էին համապատասխան խցեր` այլ սեռի ներկայացուցչի կարգավիճակով: Իհարկե, կարող էր նման բան արվել նաեւ միտումնավոր` եթե վերեւից կա տվյալ անձին ճնշելու կեղտոտ քաղաքական պատվեր:

Կամ հնարավոր էր նաեւ իրավապահներին լավություն անելու տարբերակ. եթե մարդը ոչ փող ունի, ոչ թիկունք, եւ ոչ էլ արատավորված անցյալ, նրան կարող էին գցել «ղումարբազների կամեռ», որ էնքան կրեն մինչեւ «նպատակային նշանակությունը» երեւա: Դե եթե այնքան կրվեր, որ չկարողանար տակից դուրս գալ, ստիպված` ինչ-որ գործարքի պետք է գնար Սերոբ Հարությունյանի կամ նրա ներկայացուցչի հետ` հնարավոր պատվազրկումներից խուսափելու համար: Իսկ ներկայացուցիչը կարող էր լինել իրավապահը, ով չբացահայտված գործերը շալակին` կայցելեր դատապարտյալին` գործարքի առաջարկով: Ասենք՝ ամեն կրված 200 դոլարի դիմաց առաջարկելով մի հանցագործություն «վերցնել իր վրա»: Երկուստեք օգուտը այն կլիներ, որ իրավապահը կազատվեր «վրեն մնացած», մի քանի չբացահայտված գործերից, իսկ դատապարտյալը` կրված պարտքերից, պատվազրկումներից, իր եւ ընտանիքի նկատմամբ ճնշումներից:

Այլ կերպ ասած՝ սա դարձել էր Սերոբ Հարությունյանի անձնական, «ֆիլտրացիոն օֆիսը», որտեղ նա ԿԳԲ-ական նշանակության հարցերի հովանու տակ նաեւ իր անձնական բարեկեցության հարցերն էր լուծում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ