Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Գերմանիայի խորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը։ Հայոց ցեղասպանության հարցը, այսպիսով, հայտնվել է այդ գործընթացում, որը բոլորովին նոր չէ եւ ընթանում է արդեն առնվազն երկու-երեք տարի։ Այսինքն՝ հայկական խնդիրը, ինչպես միշտ, գործիք է ավելի լայնաֆորմատ հարաբերություններում։ Դա նաեւ բնական է, օրինաչափ։ Խնդիրը տվյալ պարագայում այն է, թե բացի համաշխարհային ուժային կենտրոններից, այդ գործիքն արդյոք կարողանո՞ւմ է ի նպաստ իր շահի ու անվտանգության կիրառել նաեւ Հայաստանը:

Կամ՝ Հայաստանը կարողանո՞ւմ է արդյոք այն դեպքերում, երբ ուժային կենտրոններն են կիրառում այդ գործիքը, անդրադառնում դրան, օգտվել այդ հանգամանքից եւ ինքն էլ իր շահն առաջ մղել այդպիսի իրավիճակներում։ Այս հարցադրումը առկա է մշտապես, երբ աշխարհի որեւէ ազդեցիկ պետության խորհրդարանում հայտնվում է հայկական բանաձեւ, անկախ նրանից՝ ընդունվո՞ւմ է, թե՞ ոչ։

Տվյալ պարագայում Գերմանիան կատարեց, ըստ էության, լիարժեք քայլ, բանաձեւն ընդունված է՝ չնայած թուրքական սպառնանքներին։ Սակայն այս պարագայում առավել եւս հարց է առաջանում, թե ինչ է սա նշանակում Հայաստանի համար՝ բարոյահոգեբանական կոնտեքստից բացի։ Սա ենթադրո՞ւմ է Հայաստանի համար քաղաքական նշանակալի նոր զարգացումներ, քաղաքական արդյունք, թե՞ մենք դիտորդի կամ երկրպագուի կարգավիճակում ենք ընդհանրապես։ Եվ այս համատեքստում, իհարկե, առաջիկայի համար շատ կարեւոր է դառնում հարցը, թե ինչ ազդեցություն է ունենալու Գերմանիայի խորհրդարանի որոշումը հունիսի 7-ին Ադրբեջանի նախագահի՝ Գերմանիա սպասվելիք այցի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման վրա։

Եվ այս կոնտեքստում, իհարկե, Հայաստանի տեսանկյունից հետաքրքրական է, թե արդյո՞ք Բեռլինը կփորձի Ադրբեջանի միջոցով ինչ-որ կերպ սիրաշահել կամ «փոխհատուցել» Անկարային։ Ակնհայտ է, որ տեղի է ունեցել բավական բարդ ու բազմաշերտ միջազգային խաղի մի դրվագ, որտեղ ՀՀ շահերը անկասկած շոշափվում են եւ պարունակում թե ռիսկեր, թե հնարավորություններ։ Ամբողջ խնդիրն այն է, թե Երեւանն ինքը որքանով է պատրաստ որպես սուբյեկտ օգտվել վիճակից՝ չսպասելով լոկ «մանանայի» կամ չլինելով ընդամենը հնարավոր ռիսկերին արձագանքողի դերում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ