Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այսօր կառավարությունը հարկային արտոնություն է տալու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին եւ նրա եղբորը՝ Սասուն Խաչատրյանին պատկանող «Խաչատրյան եղբայրներ» ընկերությանը:

Այս ընկերությունը մարզի Ծղուկ համայնքում պետք է կառուցի 4 մգվտ փոքր հիդրոէներգոկասկադ եւ օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը՝ էլեկտրաէներգիա է արտադրելու:

Կառավարության որոշման նախագծի համաձայն, այս նպատակով Խաչատրյան եղբայրները պետք է 1.9 մլրդ դրամի ներդրում կատարեն, որից մոտ 489 մլն դրամի պետք է Չինաստանից հիդրոգեներատորներ, հիդրոտուրբիններ եւ այլ սարքավորումներ ձեռք բերեն: Եվ հենց այդ սարքավորումների ներմուծման համար սահմանին գանձվող ավելացված արժեքի հարկի վճարումն էլ կառավարությունը Խաչատրյան եղբայրներին համար հետաձգում է 3 տարով:

ԱԱՀ-ն մեր երկրում 20 տոկոս է, այսինքն այս հարկատեսակի մասով գանձվելիք մոտ 100 մլն դրամի կամ 200.000 դոլարի վճարումն է 3 տարով հետաձգվելու:

Նշենք, որ սա Ս. Խաչատյանի համար մեծ գումար չէ, նրա մեքենաներից միայն մեկն այդքան կարժենա, եթե, իհարկե՝ ոչ ավելի թանկ: Ավելին, մեկ այլ որոշմամբ կառավարությունն այս սարքավորումների ներկրումն ազատում է մաքսատուրքից: Այսինքն այս դեպքում էլ մոտ 50 մլն դրամ պարզապես նվեր է տալիս Խաչատրյան եղբայրներին, այն դեպքում, որ արդեն բյուջեն լցնելու, աշխատավարձեր ու կենսաթոշակներ վճարելու խնդրի առաջ է կանգնել եւ այդ նպատակով պարբերաբար վարկեր է վերցնում:

Հիշեցնենք, որ կառավարությունը Խաչատրյաններին առնչվող նման եւս մի հարկային արտոնություն էր սահմանել 3 ամիս առաջ՝ 3 տարով հետաձգելով «Որոտան սիսթեմս» ընկերությունից գանձվելիք ԱԱՀ-ի վճարումը: Ճիշտ է, այս ընկերության հիմնադիր է համարվում Սենիկ Ջուլհակյանը, բայց քանի որ նա Ս. Խաչատրյանի մտերիմն է, կարծիք կա, թե «Որոտան սիսթեմսն» էլ պատկանում է Սյունիքի մարզպետին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ