Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարությունը՝ իբր հինգ շրջանների վերադարձի շուրջ համաձայնության մասին, որը ոչ այլ ինչ էր, քան կազանյան պլանի ադրբեջանական ինտերպրետացիա, Հայաստանում արժանացավ բավականին աղմկոտ արձագանքների:

Վերջին հաշվով՝ Մամեդովը, ըստ էության, բարձրաձայնել է այն, ինչ Սերժ Սարգսյանը բարձրաձայնել էր «Բլումբերգին» տված հայտնի հարցազրույցում, ընդ որում՝ գրեթե ուղիղ երկու ամիս առաջ: Այժմ ընդամենը փոխվել է այն, որ հայկական կողմը որեւէ տարբերակի քննարկման համար դրել է երեք պայման՝ կապված հրադադարի պահպանման հետ:

Այսինքն՝ ստացվում է, որ եթե այդ պայմանները կատարվեն, հայկական կողմը կրկին պատրաստ է անցնել տարբերակների քննարկման: Եվ, ըստ էության, ստացվում է, որ այսօր սեղանին այլ տարբերակ չկա՝ բացի այն, ինչի մասին հայտարարում է Մամեդովը:

Հայկական կողմը դրան պատասխանել է, որ Մոսկվայում չի եղել այդ մասին որեւէ համաձայնություն: Մենք լիովին հակված ենք հավատալու հենց Հայաստանի պաշտոնյաներին: Սակայն այս փոխադարձ հայտարարությունների աղմուկի մեջ չպետք է կորչի մեկ այլ կարեւոր հարց, որը Հայաստանի անվտանգության տեսանկյունից առաջնային է: Մոսկվայում չի եղել որեւէ համաձայնություն, բայց հայկական կողմը պատրա՞ստ է այդ տարբերակի շուրջ քննարկումներին, եթե ապահովվեն հրադադարի մեխանիզմները: Որովհետեւ եթե հայկական կողմը հույսը դրել է այն բանի վրա, որ այդ մեխանիզմները երբեք իրականություն չեն դառնա, եւ այդպիսով ինքը միշտ կկարողանա հրաժարվել բովանդակային տարբերակի քննարկումից, ապա դա, մեղմ ասած, խիստ վտանգավոր վիճակ է: Դա նշանակում է, որ, այսպես ասած, կուլիսային մակարդակում պաշտոնական Երեւանն, այդուհանդերձ, խաղաքարտերը դրել է Ադրբեջանի, նաեւ «կազանյան պլանը» առաջ քաշած Ռուսաստանի ձեռքը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետսանկտպետերբուրգյան հայտարարությունները, նաեւ Սարգսյան-Ալիեւ հաջորդ հանդիպումը կազմակերպելու Ֆրանսիայի նախաձեռնությունը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան անելու են ամեն ինչ՝ Ռուսաստանի միանձնյա որոշումներ թույլ չտալու համար:

Այս տեսանկյունից հետաքրքրական է, որ Բաքու է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջեթ Բրինքը: Եվ այս առումով հետաքրքիր է զուգահեռը նախորդ տարվա սեպտեմբերի հետ, երբ Ռուսաստանը ու Բաքուն կրկին ակտիվացրել էին խաղաղապահների տեղակայման թեման, եւ երբ կրկին ամերիկացի պաշտոնյան՝ Պենտագոնի ներկայացուցիչը, ժամանեց Բաքու՝ կրքերը սառեցնելու եւ թեման փակելու համար:

Սակայն ինչքա՞ն կարող է Հայաստանը ապավինել այն բանին, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը խանգարեն Ռուսաստանին: Իսկ եթե մի գեղեցիկ օր որոշեն չխանգարել՝ թեկուզ կարճ ժամանակով:

Իրավիճակը իսկապես բարդ է ու պահանջում է հանրային մտքի գերլարում, մինչդեռ այդ միտքը հերթական անգամ գցվում է «հերոսի» ու «դավաճանի» շուրջ վեճի ծուղակ՝ պարարտ հող ստեղծելով հասարակության աչքից հեռու գործընթացների համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ