Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«ԱՌավոտ» թերթը գրում է. «Հնարավո՞ր է արդյոք, որ ՀՀԿ-ն պարտվի ընտրություններում: Այդ հարցին միանշանակ պատասխան չկա: Նայած` ո՞ւմ ենք «ՀՀԿ» անվանում: Եթե նկատի ունենք Աշոտյանին, Շարմազանովին կամ Արտակ Զաքարյանին, ապա, այո, զուտ տեսականորեն բացառված չէ, որ այդ անուն-ազգանուններով մարդիկ այլեւս չլինեն խորհրդարանում: Բայց եթե խոսքն այն մասին է` արդյոք հնարավո՞ր է, որ փոխվի իշխող նոմենկլատուրան, ապա՝ ոչ, նման բան տեղի չի ունենա: Եթե նույնիսկ մեծամասնություն հավաքի որեւէ այլ կուսակցություն, դա միեւնույն է` կլինի լայն իմաստով՝ «ՀՀԿ» («ՀՀՇ», «Կոմկուս»):

Հայաստանում չկա «վերնախավերի փոփոխելիության» մեխանիզմ: Կան երկրներ, որտեղ դա տեղի է ունենում ոչ ժողովրդավարական ճանապարհով: Օրինակ՝ Չինաստանում այդ ռոտացիան կատարվում է «վերեւից» եւ, որպես կանոն, ուղեկցվում է գնդակահարություններով: Միացյալ Նահանգներում դա իրագործվում է ընտրական մեխանիզմներով` ճիշտ է, իմ կարծիքով, չափազանց անկատար, հնացած: Նրանք, ովքեր ԱՄՆ-ում «պատասխանատու» են այդ ռոտացիայի համար, գիտակցում են, որ ոչ Հիլարի Քլինթոնը շատ հաջող նախագահ կլինի, ոչ էլ, առավել եւս, Դոնալդ Թրամփը: Բայց ինչ արած` ավանդույթներ են, որոնք առայժմ ոչ ոք չի ուզում խախտել:

Վրաստանում էլիտայի փոփոխությունը տեղի ունեցավ «վարդերի հեղափոխության» շնորհիվ, որն առայսօր ոգեշնչման աղբյուր է մեր` հայաստանյան հեղափոխականների համար: Հաջողվե՞ց արդյոք նոր, ավելի ժամանակակից վերնախավ աճեցնել մեր հարեւաններին` հավանաբար, ոչ ամբողջությամբ. երբ Արեւմուտքը Սաակաշվիլիից հետո փողերը պակասեցրեց, նոմենկլատուրան ավելի «ավանդական» դարձավ:

Իսկ, օրինակ, մեր մյուս հարեւանների դեպքում միեւնույն է` իշխող կուսակցությունն ինչպես է կոչվելու` «Յե՞նի Ազերբայջան», թե՞ «Քոյնա Ազերբայջան», միեւնույն է՝ նույն կառույցն է լինելու` կոմունիստական հզոր ավանդույթներով: Նույնը, ասենք, «Եդինայա Ռոսիա» կամ «Նաշ դոմ Ռոսիա», ՀՀՇ կամ ՀՀԿ:

Հայաստանում վերնախավը կարող է փոխվել, իհարկե, միայն ընտրական մեխանիզմներով, ինչին առայժմ իշխանությանը հաջողվում է դիմադրել: Որեւէ նախանշան չկա, որ դա կարող է տեղի ունենալ 2017 թվականին:

Իշխանափոխությունն, այո, բացառված չէ` այնպես, ինչպես 1998 թվականին: Դա, ինչպես այն ժամանակ ոչ մի բան չփոխեց, այդպես էլ հիմա չի փոխելու: Էլիտայի փոփոխություն կկատարվի այն ժամանակ, երբ կուսակցությունները հանդես գան ոչ թե «իրար գլուխ ջարդելու», այլ գաղափարական, սկզբունքային դիրքերից: Այսօր կուսակցությունները դրա մասին լսել անգամ չեն ուզում: «Ի՞նչ գաղափարախոսություն այս օրհասական պահին,- ասում է իշխանությունը,- երկիրը փոսի մեջ է, հեսա մենք ռեֆորմներ կանցկացնենք, եւ ամեն ինչ լավ կլինի»: «Ի՞նչ գաղափարախոսություն այս օրհասական պահին,- 25 տարի ասում է ընդդիմությունը,- հեսա մենք ժողովրդին դուրս կբերենք փողոց, սաղ թալանչիներին կբռնենք, կդատենք, կկախենք, կգյուլլենք, կվառենք, եւ ամեն ինչ լավ կլինի»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ