Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Ապարանի ՀՀԿ գրասենյակն Ապարանի քաղաքապետի թեկնածու, արդեն երկար տարիներ գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Գոռ Աբրահամյանից պահանջել է իր նախընտրական շտաբը հանել կուսակցության գրասենյակի տարածքից: Աբրահամյանը, որի թեկնածությունն առաջադրել ու սատարում է ՀՀԿ Ապարանի շրջանային կազմակերպությունը, այժմ վարձակալել է հարեւանությամբ գտնվող տարածքը: Թե ինչո՞ւ է կուսակցությունը նման պահանջ ներկայացրել Գոռ Աբրահամյանին, ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ խնդիրը կուսակցության գործունեությունն ապահովելն է:

«Մեր գրասենյակը պետք է իր նորմալ կուսակցական գործունեությունը վարի, իսկ թեկնածուներն ազատ են իրենք իրենց գրասենյակը տեղադրելու՝ որտեղ օրենքը թույլ է տալիս»,- ասաց Ռ.Թադեւոսյանը:

Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր մրցակիցն էր բողոքել, թե իբր կուսակցության գրասենյակում իրավունք չկա շտաբ տեղադրելու, կամ հավասար պայմաններ պետք է ստեղծվեն թեկնածուների համար: Աբրահամյանի խոսքով՝ իրենց զբաղեցրած նոր տարածքն անհատ ձեռնարկատիրոջ է պատկանում: Նա հերքեց, որ այն «Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական կազմակերպության տարածքն է. «Նիգ-Ապարանի» տարածքի բանալին էլ է մեզ մոտ, կարող ենք բացել, բայց, չէ, մասնավոր ԱՁ-ի տարածք է»,- ասաց նա:

Հարցին, թե նախորդ ընտրություններում «Նիգ-Ապարանը»՝ ի դեմս պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի, աջակցել է Գոռ Աբրահամյանին, արդյոք այս անգա՞մ էլ է աջակցելու իրեն, Աբրահամյանը պատասխանեց. «Աղվան Հովսեփյանը արձակուրդում է, թող իր հանգիստը նորմալ անցկացնի, նա Հայաստանում չի, որ գա կանգնի իմ կողքին: «Նիգ-Ապարանի» մյուս անդամներն իմ ընկերներն են, իհարկե, ինձ կաջակցեն, իմ կարծիքով: Իհարկե, ինչի՞ մասին է խոսքը»:

Դիտարկմանը, որ Ռ.Թադեւոսյանը հերքել է ավելի վաղ մեզ հետ զրույցում Աբրահամյանի արած հայտարարությունը, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտպանում է իր թեկնածությունը, եւ նշել, որ դա բացարձակապես կապ չունի իրականության հետ, ընդամենը քաղաքական մանիպուլյացիայի անհաջող օրինակ է, գործող քաղաքապետը պատասխանեց. «Դա կարող եք ուղղել միայն նախագահին, որովհետեւ ես նախագահի անունից երբեք ստահոդ հայտարարություններ չեմ անի: Ես էդ մակարդակը չունեմ, որ ինձ նման բաներ թույլ տամ: Ինչը ճիշտ է, ես էն եմ ասում»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին կայանալիք Ապարանի քաղաքապետի ընտրություններում տարօրինակ իրավիճակ է՝ առաջադրված 2 թեկնածուներն էլ ստացել են հանրապետականների՝ ՀՀԿ-ի աջակցությունը. գործող քաղաքապետ Գոռ Աբրահամյանին սատարում է ՀՀԿ Ապարանի շրջանային կազմակերպությունը, իսկ անկուսակցական գործարար Էդգար Փարվանյանը ստացել է ՀՀԿ-ի Արագածոտնի մարզի տարածքային կազմակերպության աջակցությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ