Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա իրադարձությունները պարզեցում մտցրին բոլոր հարցերում: Բոլորի համար արդեն ամեն ինչ պարզ է»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում իր կարծիքը հայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը՝ նկատի ունենալով Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները քաղաքական, տնտեսական, պաշտպանական եւ այլ ոլորտներում:

Նրա խոսքով՝ այժմ կանգնած ենք «ինչ անել» հարցին դեմ հանդիման: Ինչպես նշեց պարոն Սարգսյանը՝ «Սասնա ծռերը» իր ձեւով պատասխանեց այդ հարցին: «Նոր վարչապետի նշանակումը պատասխան է հուլիսյան այդ դեպքերին: Վարչապետը տնտեսության այս վիճակը գնահատելիս խոսեց բուն հարցի շուրջ, այն է՝ այս վիճակի պատճառը ստվերն է»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, թե խնդիրն այն է, թե արդյոք նոր վարչապետը գիտի՞ ինչպես պայքարել դրա դեմ:

Մանվել Սարգսյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե Կարեն Կարապետյանին արդյոք կտրվի՞ ազատորեն գործելու քարտ-բլանշ: Այնուամենայնիվ, նա վստահություն հայտնեց, որ նոր վարչապետին բերել են ամեն գնով հինը փրկելու համար, քանզի այդպես շարունակել այլեւս անհնար էր, որովհետեւ նույնիսկ զենքով արդեն սկսեցին պայքարել ստեղծված վիճակի դեմ:

Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանին, ապա նա չի լուծել իր առջեւ դրված խնդիրները, այլ լուծել է իր խնդիրները:

Անդրադառնալով Կարեն Կարապետյանի կողմից իրականացվող պաշտոնանկություններին եւ նոր նշանակումներին՝ Մանվել Սարգսյանը կարեւորեց այն, թե ինչ խնդիր են դնում նորանշանակ պաշտոնյաների առաջ. «Կարեն Կարապետյանի առաջին խնդիրը պետք է լինի այն, որ ինքը 5 ամսում վերացնի ՀՀԿ-ն»:

Մանվել Սարգսյանը Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններում տեսնում է Ռուսաստանի հետքը եւ վտանգավոր համարում այն, որ Ռուսաստանը ինքն էլ չի իմանում, թե ինչ է անում, եւ վարում է դեստրուկտիվ քաղաքականություն. «Ռուսաստանը չի կարողանում լուծումներ գտնել Հայաստանում: Ռուսաստանի խնդիրները Հայաստանում կապված են իր եւ Արեւմուտքի ու շատ ավելի՝ իր թուրքալեզու հարեւանների միջեւ հարաբերությունների հետ: Այդ թուրքալեզու երկրների վրա ազդելու Ռուսաստանի միակ էֆեկտիվ լծակը եղել է Հայաստանը: Սակայն այժմ այդ թուրքալեզու երկրների պահանջները շատ են մեծացել՝ նրանք պահանջում են իսպառ ոչնչացնել Հայաստանը: Սակայն ինչպե՞ս կարող է Ռուսաստանը ոչնչացնել սեփական լծակը»:

Մեր զրուցակցի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունների այն ձեւերը, որոնք առնվազն 25 տարում ստեղծվել են, սպառել են իրենց:

«ՀՀ-ում բոլոր որոշումները ընդունվել են աբստրակտ վախից՝ վախ Ռուսաստանից, վախ Թուրքիայից, եւ այժմ այլեւս չի ստացվում շարունակել որոշումներ ընդունել վախից: Մենք խնդիր լուծող ազգ չենք, այլ խնդիրներից փախչող: Իսկ խնդիրը լուծելու համար նախ պետք է ճանաչել այն»,- նկատեց մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ