Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Արսինե Խանջյանի եւ Ատոմ Էգոյանի հետ միասին աննախադեպ գործ է սկսել: Նա փորձում է կազմակերպել սփյուռքահայերին՝ դիտորդական առաքելություն իրականացնելու 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում:

Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանն ու Սերժ Թանկյանը նախկինում էլ բազմիցս ապացուցել են, որ անտարբեր չեն Հայաստանի ու հայաստանցու խնդիրների նկատմամբ: Նրանց մոտեցումն այս առումով տարբերվում է սփյուռքում տարածված մոտեցումից, որ պետք է հայրենիքին ամեն ինչով օգնել, բայց խնդիրների մասին  բարձրաձայն չխոսել՝ թշնամու ջրաղացին ջուր չլցնելու համար: Իսկ Խորենացի փողոցում Արսինե Խանջյանի բերման ենթարկվելը, կարծես, վերջին կաթիլն է եղել, որ հայտնի եռյակը գործի անցնի:

Որպես առաջին քայլ  նախաձեռնվեց «Արդարություն Հայաստանին» խորագրով հայտնի ստորագրահավաքը: Այն, սակայն, շատ ավելի դանդաղ է առաջ գնում, քան կարելի էր ակնկալել: 10 միլիոնանոց հայկական սփյուռքից, Հայաստանից եւ Արցախից ընդամենը 2500 հոգի է միացել այս նախաձեռնությանը: Այնինչ change.org-ում հարյուր հազարներով են ստորագրություններ հավաքում (ամեն օր 161 միլիոն մարդ առնչվում է այդ կայքին): Ո՞րն է խնդիրը: Հնարավոր չէ, որ համայն հայությունը Հայաստանին արդարություն չցանկանա:

Խնդիրն այն է, որ նշված պահանջների հասցեատեր գոյություն չունի: Առանց կոնկրետ հասցեատիրոջ այս ամենը դեկլարատիվ բնույթ է ստանում, ինչը մեծապես նվազեցնում է պոտենցիալ միացողների մոտիվացիան: Հասկանալի է, որ նախաձեռնության հեղինակները խուսափում են ներգրավվել ներհայաստանյան քաղաքական անցուդարձին: Սակայն change.org-ում սկսված ստորագրահավաքի հայտարարության դեկլարատիվ բնույթը նման հեռանկարից խուսափելու լավագույն տարբերակը չէ: Իրականում պետք է ընդամենը ամեն ինչ այսքան չբարդացնել. նպատակը ձեւակերպել պարզ, կոնկրետ եւ առանց բարդույթների: Մոտավորապես` Սերժ Թանկյանի, Արսինե Խանջյանի եւ սփյուռքում բնակվող մի քանի հազար հայերի համար կարեւոր է, որ 2017 թվականի ընտրություններն անցնեն ազատ, արդար եւ թափանցիկ: Դրա համար նրանք անձամբ որպես դիտորդ  կլինեն ընտրատեղամասերում:

Բայց որպեսզի օգգ-ի մեծ պոտենցիալ ունեցող այս նախաձեռնությունը չփոշիացվի, անհրաժեշտ է, որ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը եւ մյուս բոլոր սփյուռքահայ դիտորդները հատուկ պատրաստվածություն անցնեն: Ամեն ինչ կփչանա, եթե նրանք, ապավինելով իրենց հեղինակությանը, ընտրության օրը պարզապես շրջեն ընտրատեղամասերով: Նախ` թաղային ընտրակեղծարարները նրանց չեն ճանաչի, ինչպես Խորենացի փողոցում Արսինե Խանջյանին չճանաչեցին նրան բերման ենթարկող շարքային ոստիկանները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ