Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունը` ՀՀԿ-ից, նախագահական աշխատակազմից դուրս գալու եւ ակտիվ քաղաքական դաշտ մտնելու մասին, վկայում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշտում սպասվում է գործնականում «մարտ առանց կանոնների»:

Վիկտոր Դալլաքյանի քաղաքական նոր հայտը կամ վերակտիվացման հայտը ուժգին էր հենց այդ՝ ոչ թե քաղաքականության տեսանկյունից: Եվ թեեւ Դալլաքյանը իր հայտը սկսեց հայտարարելով, որ չորս տարի առաջ պետական հանցագործություն է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի հրահանգով, մեղադրեց դրա համար իրավապահ կառույցների ղեկավարներին, այնուհանդերձ պարզ է, որ Դալլաքյանի «կռիվը» ծավալվելու է ընդդիմադիր դաշտում:

Դալլաքյանն իր առաջին իսկ հայտով ուղիղ գրոհ սկսեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության դեմ, որը գործում է ընդդիմադիր դաշտում, սակայն դա իհարկե չի նշանակում, որ թիրախը կլինի միայն այդ կուսակցությունը: Պարզապես նախկին ընդդիմադիր «աստղը», որ խամրած էր չորս տարի, իր առաջին հայտով ցույց տվեց, որ բացարձակապես որեւէ կերպ կաշկանդված չի լինելու, իշխանությունից բացի, եւ իշխանությունից ոչ պակաս քննադատել եւ գրոհել նաեւ ընդդիմադիր ուժերի դիրքերը:

Այս տեսանկյունից սա բոլորովին նոր երեւույթ չէ հայաստանյան քաղաքական դաշտում, եւ այնպես չէ, որ այդ երեւույթը ներմուծում է Դալլաքյանը: Պարզապես քաղաքական դաշտ է մտնում մի ուժ, որը պատրաստակամ է գործել այդ տիրույթում: Դա էլ ինքնին խնդիր չէ, եթե բանը վերաբերում է քաղաքական պայքարին, այսինքն՝ բովանդակային, ծրագրային, հայեցակարգային, գաղափարական եւ վերջապես արժեհամակարգային: Բայց հենց այդտեղ է հարցը, որ առայժմ առկա զարգացումները իրավիճակը պահում են «մարտ առանց կանոնների» տրամաբանության շրջանակում:

Եվ եթե մինչ բոլորովին վերջերս այդ տրամաբանությունը գործում էր գերազանցապես իշխանություն-ընդդիմություն տիրույթում, այդ հարաբերությունների մակարդակում, ապա այժմ տեղի է ունենում կամ արդեն ունեցել է բավականին պարադոքսալ, տարօրինակ մի տրանսֆորմացիա. իշխանություն-ընդդիմություն դաշտում հարաբերությունների մշակույթը դարձել է շատ ավելի զուսպ, թեկուզ համեմատության մեջ, քան ընդդիմության դաշտում փոխհարաբերությունների հարթության վրա: Թեեւ, դա էլ հասկանալի է` այն, ինչ «մարտ առանց կանոնների» տրամաբանության կամ փիլիսոփայության շրջանակում անում էր իշխանությունը, ներկայումս արվում է ընդդիմադիր ուժերի ձեռքով, հենց միմյանց հանդեպ: Դա էլ իշխանությանը տալիս է ընդդիմության հետ համեմատաբար զուսպ դառնալու «ճոխություն» ունենալու հնարավորություն:

Այդ պատճառով էլ գեներացվում է աղմուկը ներընդդիմադիր դաշտում, ինչի առումով կրակի վրա յուղի նոր կաթիլները լցնողը Վիկտոր Դալլաքյանն է: Ընդ որում՝ ակնհայտ է, որ Դալլաքյանը չի բավարարվելու կաթիլներով, իսկ յուղ, ինչպես երեւաց, նա անցնող չորս տարիների ընթացքում բավական զգալի է ամբարել քաղաքական ակտիվության վերադառնալու համար: Այնպես որ նա ունի առաջիկայում կրակը թեժացնելու իսկապես մեծ ներուժ: Այդ իրավիճակն ինչ որ առումով տրամաբանական է եւ օրինաչափ:

Անցնող տարիների ընթացքում ընդդիմությունն ինքը «կերտել» է հանրային այնպիսի ընկալումներ, որոնք հանրային օրգանիզմի մարսողական համակարգի համար առավել դյուրամարս են դարձրել աղմուկը, քան բովանդակությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ