Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ներկայացնելով Պետական եկամուտների կոմիտեի նոր նախագահ Վարդան Հարությունյանին, որը «Գազպրոմ Արմենիայի» նախկին տնօրենն է, եղել է Կարեն Կարապետյանի տեղակալը «ՀայՌուսգազարդի» տնօրեն աշխատած տարիներին եւ զբաղեցրել նախագահի պաշտոնը նրա քաղաքապետ ընտրվելուց հետո, Կարապետյանը հայտարարել է խաղի կանոնների փոփոխության անհրաժեշտության մասին:

Հայաստանում ՊԵԿ խաղի կանոնների փոփոխության անհրաժեշտությունը տնտեսության համար կենսական հրամայական է, եթե կա այդ տնտեսությունը զարգացնելու խնդիր: Տնտեսության ներկայիս բնույթը այն է, որ Հայաստանի տնտեսության գերակշիռ մասը, եթե ոչ՝ ամբողջը, պատկանում է իշխանությունը վերցրած մի քանի խմբավորման, կլանի, քաղաքական «կորպորացիաների»:

Մի բան է խաղի կանոնը փոխել այդ բնույթի տնտեսությունը զարգացնելու, պարզապես նոր՝ երկրորդ շնչառություն հաղորդելու համար, եւ մեկ այլ բան է խաղի կանոնը փոխել տնտեսության բնույթը եւ որակը փոխելու միջոցով զարգացում ապահովելու համար: Առաջին դեպքում կանոնի փոփոխությունը ենթադրում է քրեաօլիգարխիկ տնտեսությանը պարզապես թթվածնի մատակարարման ապահովում, երկրորդ տարբերակը ենթադրում է քրեաօլիգարխիայի թթվածնի որոշակիորեն փակում, որպեսզի մի քիչ էլ շնչել կարողանա այն բիզնեսը, որը այդ հարաբերությունների մեջ չէ, չի օգտագործում իշխանական, քրեական եւ այլ լծակներ:

Կարեն Կարապետյանն, օրինակ, հայտարարել էր, որ եթե ինչ-որ սկզբունք, մոտեցում կամ մեթոդ բացասական դաշտում գործող բիզնեսին վերահսկելու համար կիրառվում է, բայց վնասում է նաեւ մաքուր դաշտում գործողին, ապա պետք է հրաժարվել այդ մեթոդից:

Ինչ է ասում Կարապետյանը: Նա փաստորեն ակամա խոստովանում է, որ այդքան էլ մեծ չէ ՊԵԿ համակարգում կոռուպցիոն ռիսկերի արագ չեզոքացման հեռանկարը: Այսինքն՝ Կարապետյանն ասում է, որ եթե մեկ մաքուր կարող է տուժել ստվերը հայտնաբերելու համար կատարվող գործողությունից, քանի որ ՊԵԿ համակարգում կգտնվեն խմբեր, որոնք դրա տակ կփորձեն շահ հետապնդել, ապա պետք է հանուն այդ մեկ մաքուրի հրաժարվել այդ մեթոդաբանությունից:

Այդ մեթոդաբանությունից կամ մոտեցումից հրաժարումը էական քայլ կլինի Հայաստանում մրցակցային պայմանների հավասարեցման ուղղությամբ: Դա չի լինի հավասարեցում, դա անհնար է առանց դատական համակարգի վերափոխման եւ արդարադատության հաստատման, բայց կլինի քայլ դեպի հավասարեցում, քայլ, որը կձեւավորի նոր իրավիճակ, մրցակցային իսկապես նոր միջավայր:

Կարեւոր նրբերանգներից է այստեղ այն, որ Կարեն Կարապետյանն այդպիսով փորձում է առաջին էֆեկտը ստանալ առանց ստվերի հետ առճակատման՝ հաշվի առնելով, թե ինչ է ստվերը կամ ով է այնտեղ: Այնտեղ մարդիկ են, որոնք ներկայումս ունեն ներիշխանական շոշափելի ազդեցություն եւ ուղիղ դիմակայության պայմաններում ունակ են լուրջ դիմադրության:

Կարապետյանը փորձում է որոշակի իրավիճակ փոխել, սակայն խուսափելով այդ ուղիղ դիմակայությունից: Ամբողջ հարցն այն է թե արդյոք աշխատելո՞ւ է այդ մեխանիզմը: Թեեւ կա նաեւ առավել ընդգրկուն հարցը, թե արդյոք ովքե՞ր են տնօրինելու դրա աշխատանքից ստացվելիք նոր արդյունքը, որովհետեւ նոր կառավարությունը դեռեւս չի ներկայացրել հանրային բարիքն առավել արդարացի բաշխելու համալիր մեխանիզմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ