Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ Խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ին փաստացի ներքաղաքական գրոհի հրաման տվեց, ինչը սպասելի էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին նրա մասնակցությունից հետո, որովհետեւ գագաթնաժողովը Սերժ Սարգսյանի համար ունեցավ տպավորիչ մի քանի արդյունքներ:

Նախ՝ այդ բարձր միջոցառման մակարդակով ըստ էության բավական անշուք վերաբերմունքի արժանացան Թուրքիան ու Ադրբեջանը: Բացի այդ՝ ՆԱՏՕ-ն Վրաստանի «անդամության փաթեթը» հաստատեց, ինչը նշանակում է, որ դաշինքն էլ ավելի է մոտենում Հարավային Կովկասին, հետեւաբար ձեւավորվում է ուժերի հավասարակշռության եւ կայունության նոր գրավական:
Միեւնույն ժամանակ՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների մասով իրավիճակը առավել սրող, դիմակայությունն առավել սրող որոշումներ չկայացրեց, ինչը Հայաստանին ազատեց այդ դեպքում Ռուսաստանի անխուսափելի մի շարք պարտադրանքների վտանգից:

Գագաթնաժողովին զուգահեռ՝ կնքվեց Ուկրաինայի Արեւելքում հրադադարի համաձայնագիրը՝ այդպիսով Արեւմուտք-Ռուսաստան դիմակայության ռեժիմը տեղափոխելով Ռուսաստանի մեկուսացման կայուն եւ հանդարտ ընթացքի փուլ, ինչը ստեղծված իրավիճակում չարյաց փոքրագույնն է այդ իրավիճակի վրա ազդեցության որեւէ լծակ չունեցող եւ միաժամանակ Ռուսաստանի լծակների տակ կքած Հայաստանի իշխանության համար:

Միեւնույն ժամանակ ստացվեց տեղեկություն, որ Իրանը պատրաստ է համագործակցել Պենտագոնի հետ, ինչը եւս միջազգային քաղաքական կոնյունկտուրայի իմաստով դրական է Հայաստանի իշխանությունների համար:

Հենց այս ամենից հետո է, որ Սերժ Սարգսյանն իր ՀՀԿ-ական «զորքը» հանում է ներքաղաքական գրոհի, քանի որ արտաքին քաղաքական առումով առանցքային մարտահրավերներ աշնան համար կարծես թե չի սպասում: Մնում է ներքին կյանքում ստեղծել երաշխիքներ թե՛ աշնանային թեժացումների ռիսկերին ընդառաջ, թե՛ հոկտեմբերի 10-ին Եվրասիական գագաթնաժողովում Հայաստանի անդամակցության հարցի քննարկման համար՝ մասնավորապես:

Ընդ որում, պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդում դժգոհում էր արտաքին կապերի եւ շփումների հարցերում կուսակցականների պասիվությունից: Սերժ Սարգսյանն ակնարկում էր, թե ամբողջ բեռն իր ուսերին է, եւ ինքը ստիպված է միայնակ փրկել ամբողջ համակարգի «կաշին»»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ