Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 9-10-ին Մինսկում նախատեսվող ԱՊՀ երկրների նախագահների խորհրդի, ապաեւ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստերի նախօրեին տեղի ունեցող ակտիվ դիվանագիտական շփումները վկայում են, որ հետխորհրդային պետությունների ինտեգրացման գործընթացները վերստին անկանխատեսելի ընթացք են ստանում։

Սկիզբ առած իրարանցումը վկայում է, որ, մի կողմից, շարունակվում է Մինսկ-Աստանա «ընդդիմադիր տանդեմի» բացահայտ ու անսքող «առեւտուրը» Մոսկվայի հետ, մյուս կողմից էլ արդեն իր գործուն մասնակցությունն է բերում պաշտոնական Բաքուն, որը, երեւում է, անչափ ոգեւորվել է ամիսներ առաջ Աստանայում Ն. Նազարբաեւի ձեռնարկած հայտնի դեմարշից։

Այս անգամ Բաքվի ժառանգական տիրակալի սպասելիքները կապվում են Բելառուսի նախագահի հետ, որին ուղղված համապատասխան «բարեւագրով» արդեն Մինսկ է մեկնել արտգործնախարար Է. Մամեդյարովը։

Հետաքրքիր է, որ երեկ տեղի է ունեցել նաեւ Բելառուսի նախագահի հեռախոսազրույցը Վ.Պուտինի հետ՝ այսպես կոչված «հարկային մանեւրի» հետեւանքով Բելառուսի կորցրած գումարները հետ ստանալու նպատակով, ինչը փաստորեն վերածվել է Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրի վավերացման նախապայմանի։

Անշուշտ Մինսկում սպասվող Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը պատեհ առիթ է նման պահանջներ ներկայացնելու համար։ Սակայն է՛լ ավելի զավեշտական է, որ Բելառուսը, մի կողմից, փող է պահանջում Ռուսաստանից, մյուս կողմից էլ ոչ միայն չի ընդունում Մոսկվայի «հանդիպակաց պահանջները», այլեւ բացահայտորեն ծաղրում է նրա ղեկավարությանը Ղրիմը Ռուսաստանին միացնելու համար։
Բելառուսի ղեկավարի համար Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու հեռանկարը հերթական հարմար բիզնես-նախագիծն է, որը թույլ է տալիս ավելի ակնդետ նայել Իլհամ Ալիեւի գրպանի վերածված Ադրբեջանին, իսկ Բաքվում գիտեն, թե ինչպես պետք է վարվել նման պարագայում։

Մանավանդ որ Եվրասիական տնտեսական միության մեջ մեր մյուս հնարավոր «գործընկեր» Ղազախստանն էլ օրերս մի հորինովի պատրվակով Հայաստան էր ուղարկել իր փոխարտգործնախարար Ժապիլ Ժոշիբաեւին։ Իրականում ավելի քան ակնհայտ է, որ Ն. Նազարբաեւը շարունակում է բացահայտորեն աջակցել ցեղակից Ադրբեջանին՝ ՀԱՊԿ-ի գծով ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ դիմակայության մեջ։

Պատահական չէ, որ զուգահեռաբար՝ առանց ավելորդ աղմուկ-աղաղակի Հայաստան այցելած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժայի հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը բացահայտորեն ընդվզել է այն ռազմաքաղաքական դաշնակիցների պահվածքի դեմ, ովքեր Բաքվին ցուցաբերվող իրենց բացահայտ աջակցությամբ խրախուսում են նրա ագրեսիվ գործողությունները, դրանով իսկ խախտում ՀԱՊԿ շրջանակներում ընդունված փաստաթղթերի տառն ու ոգին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ