Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ։ Հատված հարցազրույցից.

«Երեկ Հայաստանի խորհրդարանը 103 քվեով՝ ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց  ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագրին: Պարոն Սարգսյան, ինչպե՞ս եք վերաբերվում ձայների այսքան մեծ հարաբերակցությամբ որոշման ընդունմանը եւ ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը:

Միանշանակ բացասաբար: Այն մարդիկ, ովքեր կողմ են քվեարկում նման պայմանագրին՝ կուզեի հիշեն, թե որ երկիրն է, որ Թուրքիայի հետ այժմ ռազմավարական գործընկերություն է սկսում եւ «Հյուսիսային հոսքը» փոխարինում «Թուրքական հոսքով», թե որ երկիրն է, որ Հայաստանի հետ պատերազմական վիճակում գտնվող Ադրբեջանին զենք է վաճառում եւ հրավիրում Մաքսային միություն, թե որ երկիրն է, որի փոխարժեքը 1 ամսվա ընթացքում մինչեւ 62% արժեզրկվել է: Եթե այս ամենը հաշվի առնելուց հետո իրենք կանգնում են այդ փլվող շենքի քարերի տակ, ուրեմն դա իրենց պրոբլեմն է: Այն, ինչ իրենք հաստատեցին իրենց ամրագրմամբ, ցույց տվեց, որ քաղաքական առումով հակված են այսուհետ, Հայաստանում նշանակումներ լինեն Կրեմլից, Ռուսաստանի նախագահը նշանակի իրենցից որեւէ մեկին, եւ այդ առումով ցանկացած ելք գտան հիմնավորելու իրենց կողմնորոշման ճշմարտացիությունը: Իրականում այդ պայմանագրին միանալը անվերադարձ չէ, այդ միությունը կկայանա, թե ոչ՝ շատ մեծ հարցական է, որովհետեւ հաշվի առնելով վերջին շրջանում Բելառուսում ու Ղազախստանում տիրող իրավիճակը, ՌԴ-ում օր օրի խորացող ճգնաժամը՝ այդ պայմանագրին միանալը դեռ չի նշանակում միությանը միանալ, իմ կարծիքով՝ այն դժվար էլ կայանա:

Փաստորեն, եռյակի երկու կուսակցությունները՝ ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը, ովքեր հանրահավաքներին հնչեցնում էին, որ պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, կողմ քվեարկեցին Սերժ Սարգսյանի միանձնյա ընդունած որոշմանը: Չե՞ն հակասում իրենց որոշումները:

Իրենք ոչ միայն կողմ քվեարկեցին, այլեւ համարեցին, որ հրաշալի քայլ է արված, եւ սա միակ ճիշտ լուծումն է: Ես զարմանում եմ, թե ինչու են նրանք քննադատում Սերժ Սարգսյանին, որովհետեւ գաղափարական առումով իրարից չեն տարբերվում: Նրանք կիսում են այդ գաղափարները, ուղղակի ասում են, որ այդ գաղափարին իրենք ավելի լավ կծառայեն: Իսկ այն արժեքները, որոնք այդ կուսակցություններն ամրագրել են իրենց կուսակցական ծրագրերում, դրանք իրենց համար գրոշի արժեք չունեն: Օրվա մեջ փոփոխվող արժեքներ են՝ ամեն գնով իշխանության հասնելու, ամեն գնով իշխանության տեր կանգնելու համար, իսկ այդ առումով իրենք ՀՀԿ-ից ոչնչով ավել չեն: Իմ կարծիքով՝ նույնիսկ ավելի վատն են, քանի որ խաղում են ժողովրդի նուրբ ցանկությունների, նուրբ հոգեբանական վիճակի վրա: Մի երկրում, որտեղ տարբեր ռուս չինովնիկներ գալիս եւ ասում են՝ գիտեք, եթե Հայաստանը ԵՏՄ անդամ չդառնա, ապա Հայաստան ընդհանրապես չի լինի: Գործող իշխանությունը չի ասում, որ ինքը մեխի գլուխ չէ, Հայաստան կա ու կլինի, ընդդիմությունն էլ ասում է՝ ճիշտ են ասում: Այդ ընդդիմությանը անուն տալը ինձ համար չափազանց բարդ խնդիր է, եւ այս իրավիճակում մեր հասարակությունը, որ Ցեղասպանություն է տեսել, վերջին հարյուրամյակում լուրջ փորձությունների միջով է անցել, զգուշավոր է, նայում, հետեւում է այս ամեն ինչին եւ հետեւություններ է անում: Ու այս պարագայում մեր խնդիրը բարդ է: Այս պարագայում է, որ այսօրվա հանրահավաքին մարդկանց այս բազմությունն է եկել, բայց հավատացեք, որ տանը նստած 50%-ից ավել մարդ չի կիսում իրենց այդ եվրասիական փաստաթուղթը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ