News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը որոշակի կրճատումներով  ներկայացնում է «Business Insider»-ում հրապարակված Մայքլ Մալուֆի հոդվածը.

«Ռուսաստանցի զինվորականները սպասում են, որ Իրանի վրա հարձակումը տեղի կունենա ամռանը, եւ մշակել են ռուսական զորքերը Վրաստանով Իրանի հետ սահմանակից Հայաստան տեղափոխելու գործողությունների ծրագիր: Այս մասին հաղորդում են տեղեկացված աղբյուրները:

Մինչեւ վերջերս ՆԱՏՕ-ում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Ռոգոզինը, ով ներկայումս Ռուսաստանի փոխվարչապետն է, նշել է. «Իրանը մեր հարեւանն է: Եթե Իրանը ներքաշվի ցանկացած ռազմական գործողության մեջ, դա ուղիղ սպառնալիք կլինի մեր անվտանգությանը»: Ռոգոզինը, ով վերահսկում է Ռուսաստանի պաշտպանական սեկտորը,  հայտնի է որպես հակաարեւմտյան գործիչ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության աղբյուրները պնդում են, որ ռուս զինվորականները չեն հավատում, որ Իսրայելը բավականաչափ ռազմական միջոցներ ունի` իրանական պաշտպանությունը ոչնչացնելու համար, ինչպես նաեւ կարծում են, որ ԱՄՆ կողմից ռազմական գործողություններ անհրաժեշտ կլինեն:

Տեղեկացված աղբյուրները պնդում են, որ Իրանի վրա գրոհի դեպքում ռուսաստանյան կողմը զգուշացրել է «անկանխատեսելի հետեւանքների մասին», իսկ ոմանք ասում են, որ ռուսաստանցի զինվորականները կմասնակյցեն հնարավոր պատերազմին, քանի որ այն վտանգի տակ է դնում տարածաշրջանում նրա համար կենսական նշանակություն ունեցող շահերը:

Համաձայն աղբյուրների` ռուսական կողմի նախապատրաստությունը նման հարձակման սկսվել է դեռ երկու տարի առաջ, երբ Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազան արդիականացվեց: Ասում են, այն կարեւոր աշխարհաքաղաքական նշանակություն ունի տարածաշրջանում: Համաձայն ռուսաստանյան աղբյուրների` Գյումրիի ռազամաբազայի զինծառայողների ընտանիքներն արդեն տարհանվել են:

Ըստ նույն աղբյուրների` Ռուսաստանի նախագահի պաշտոնին Վլադիմիր Պուտինի վերդառնալուց հետո հնարավոր է դարձել նաեւ Վրաստանի վրա հարձակվելու հեռանկարը: Ռուսները կարծում են, որ Վրաստանը կհամագործակցի ԱՄՆ-ի հետ` արգելափակելով 102-րդ ռազմաբազայի առաքումները, որոնք ներկայումս իրականացվում են օդային ճանապարհով: Արդեն հիմա է Վրաստանն արգելափակում  ցամաքային միակ երթուղին:

Հայաստանում գտնվող ռուսաստանյան ռազմաբազայի համար վառելիքը մատակարարվում է Իրանից: Ռուսաստանցի պաշտոնյաները կարծում են, որ այդ երթուղին կարող է փակվել պատերազմի դեպքում:

Եթե ԱՄՆ-ը պատերազմ սկսի Իրանի դեմ, ապա, ըստ աղբյուրների, նրանք կարող են օգտագործել Վրաստանի ուժերը եւ Կասպից ծովում ռազմանավերը` Ադրբեջանի հնարավոր օգնությամբ. վերջինս, սակայն, հայտարարել է, որ թույլ չի տա Իսրայելին իր տարածքն օգտագործել հարեւան Իրանի դեմ:

Ենթադրվում է, որ հաշվի առնելով Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների բարելավումը, հրեական պետությունը կարող է օգտագործել բազաները` Իրանի միջուկային օբկյեկտներին օդային հարված հասցնելու համար: Հատկապես որ Իսրայելը վերջերս համաձայնել էր Ադրբեջանին վաճառել 1,6 մլրդ դոլարի ռազմատեխնիկա:

«Ռուսական ուժերը (Անդրկովկասից) կարող են հարավին հարվածելու հրաման ստանալ` Անդրկովկասում ամերիկյան ռազմաբազաների ենթադրվող տեղակայումը կանխելու, Հայաստանում զորքերի հետ կապ հաստատելու եւ Հարավային Կովկասի էներգետիկ միջանցքն իր ձեռք առնելու համար»,- ասել է Ջեյմսթաունի Վաշինգտոնի հիմնադրամի տարածաշրջանային փորձագետ Պավել Ֆելգենհուերը:

«Ռուսաստանը ռազմական մեկ արագ հարվածով կարող է վերահսկողություն ապահովել ողջ Կովկասի  եւ կասպիական պետությունների նկատմամբ, որոնք նախկինում նրա սեփականությունն են եղել»,-ավելացրել է նա:

«Միաժամանակ` փոքրիկ հաղթական պատերազմը կմիավորի ռուս ժողովրդին Կրեմլի շուրջ, ինչը թույլ կտա ճնշել երկրում պրոդեմոկրատական ուժերի վերջին մնացորդներին, իսկ որպես վերջնական բոնուս` Ռուսաստանի ռազմական գործողությունները կարող են վերջնականպես ոչնչացնել Սահակաշվիլիի ռեժիմը»,- կարծիք է հայտնել փորձագետը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ