News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, ապրիլի 24-ի վաղ առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի բարձունք` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել (ֆոտոռեպորտաժ):

Հանրապետության նախագահին ուղեկցել են խորհրդարանի նախագահ Սամվել Նիկոյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մատուցել է  սգո ծես` նվիրված Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակին:

Հանրապետության կենտրոնական հեռուստաալիքները շարունակում են ուղիղ եթերը Ծիծեռնակաբերդի բարձունքից, ուր առավոտից Հայաստանի հազարավոր քաղաքացիներ, սփյուռքի ներկայացուցիչներ, հյուրեր արտերկրից: Ներկայումս ծաղկեպսակներ են դնում Երեւանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարները:

Նշենք, որ այսօր` ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը նշում է 1915-23 թթ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը: 1915 թվականի այս օրը Օսմանյան Թուրքիայի ղեկավարության հրամանով սպանվեց Ստամբուլի մտավորականությունը, այնուհետեւ տեղի ունեցան զանգվածային կոտորածներ: Երկրի ողջ հայ բնակչությունը տեղահանվեց իր բնօրրանից ու քշվեց դեպի Դեր Զորի անապատները, ճանապարհին ոչնչանալով: Ցեղասպանությանը զոհ գնաց 1,5 մլն հայ:

Հիշեցնենք նաեւ, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է բազմաթիվ երկրների կողմից: Առաջինը 1965 թվականին դա արել է Ուրուգվայը, որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը եւ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ