News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ամերիկան արժանի է մի առաջնորդի, ով ճշմարտությունը կասի հայերի ցեղասպանության մասին: Այս մասին Բարաք Օբաման ասում էր, երբ դեռ նախագահի թեկնածու էր, հիշեցնում է WallStreet Journal-ը:

Ըստ պարբերականի, նախագահն արդեն չորրորդ տարին է` դրժում է իր տված խոստումը եւ հրաժարվում օգտագործել «ցեղասպանություն» բառը` խոսելով «թուրքերի կողմից մոտ մեկ դար առաջ գործած ողբերգության մասին»: Օբաման առաջին նախագահը չէ, ով նահանջում է թուրքերի առջեւ` «ցեղասպանություն» բառի հարցում, սակայ քչերից մեկն է, ով անկեղծաբար խոսում էր այդ մասին նախագահ դառնալուց առաջ, ընդգծում է Wall Street Journal-ը:

USA Today-ի հեղինակների կարծիքով, Օբաման հրաժարվում է Ցեղասպանությունն իր անունով կոչել այն պատճառով, որ Թուրքան ԱՄՆ-ի դաշնակիցն է մերձավոր Արեւելքում: Թերթը հիշեցնում է, որ Օբաման Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցածը բաց տեքստով ցեղասպաություն է որակել ինչպես նախըտրական քարոզարշավի, այնպես էլ Իլինոյս նահանգի սենատոր եղած ժամանակ:

ABC News-ն էլ հիշեցնում է, որ Օբաման իր հերթական հայտարարությունը Օսմանյան Թուրքիայում մեկուկես միլիոն հայերի սպանության մասին, որտեղ կրկին հրաժարվել է օգտագործել «ցեղասպանություն» բառը,  արել է Հոլոքոստի հուշահամալիր այցելության հաջորդ օրը: ABC News-ը մեջբերում է նաեւ Օբամայի` 2008 թ. հոկտեմբերի 2-ի նամակը, որտեղ նախագահն ընդգծում է. «Հայոց ցեղասպանության իմ կտրուկ դատապարտումը մերկապարանոց հայտարարություն կամ կարծիք չէ, դա շատերի կողմից փաստագրված իրողություն է, որն ապացուցվում է հսկայական թվով պատմական փաստերով»: Նույն նամակում Օբաման գրում է, որ «փաստերն անվիճելի են, ինչպես նաեւ անվիճելի է այն, որ պաշտոնական դիրքորոշումը, որը ստիպում է աղավաղել պատմական փաստերը, անընդունելի դիրքորոշում է»: «Որպես նախագահ ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը», - իր նամակում գրել էր Բարաք Օբաման:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի հետ կապված, հանդես գալով ամենամյա ավանդական ուղերձով, կրկին չի կատարել իր խոստումը եւ խոսելով Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականների իրադարձությունների մասին, չի օգտագործել «ցեղասպանություն» բառը:

 «Այսօր մենք նշում ենք «Մեծ Եղեռնը», 20-րդ դարի ամենասասափելի գազանություններից մեկի տարելիցը, նաեւ հարգում ենք 1,5 մլն հայերի հիշատակը, ովքեր գազանաբար սպանվեցին, կամ ստիպված էին գնալ մահվան Օսմանյան կայսրության վերջին տարիներին:

Երբ մենք խորհում ենք անարտահայտելի տանջանքների մասին, որոնք մարդիկ վերապրել են 97 տարի առաջ, մենք միանում ենք աշխարհում միլիոնավոր մարդկանց, ինչպես նաեւ այստեղ, ԱՄՆ-ում, որտեղ այս օրը նշվում է մեր նահանգներում, հաստատություններում, համայնքներում եւ ընտանիքներում: Մեր պարտականությունն է վառ պահել զոհերի մասին հիշողության կրակը մեր գործով ու խոսքով եւ ապահովել, որպեսզի պատմության այդ մութ էջերը որբեք չկրկնվեն:

Ես 1915-ի դեպքերի մասին արդեն բազմիցս խոսել եմ իմ անձնական տեսակետի մասին: Պատմության մասին իմ տեսակետները չեն փոխվել. ամբողջական, անկեղծ եւ պարզ փաստերի ճանաչում, որոնք ամբողջությամբ բխում են մեր շահերից: Հնարավոր չէ առաջ ընթանալ, հաշվի չառնելով անցյալի փաստերը: ԱՄՆ-ը բազմաթիվ անգամներ այդպես վարվել է իր պաշտության ընթացքում եւ ես կարծում եմ, որ մենք հենց դրանով ենք ուժեղ: Որոշ մարդիկ արդեն կատարել են այդ համարձակ քայլն առաջ: մենք ողջունում ենք այն հայերին եւ թուրքերին, որոնք կանգնել են այդ ուղու վրա եւ մենք հույս ունենք, որոնք շատերն ընտրում են այն իրենց եւ իմ կառավարությունների աջակցությամբ:

Թեեւ շատ կյանքեր խլվել են եւ երբեք չեն վերադարձվի, հայ ժողովրդի ժառանգությունը հաղթականներից մեկն է: Ձեր հավատը, տղամարդկությունն ու ուժը թույլ տվեցին ողջ մնալ եւ բարգավաճել, կենսունակ համայնքներ ստեղծել ամբողջ աշխարհում:
Չվախենալով, դուք պահպանեցիք ձեր ունեցածը` այն փոխանցելով սերնդեսերունդ: Հայազգի ամերիկացիները մեծ ավանդ են ներդրել ԱՄՆ-ում, ինչպես նաեւ լուրջ ավանդ Հայաստանի համար ժողովրդավարական, խաղաղ եւ բարեկեցիկ ապագա կերտելու գործում: Միացյալ Նահանգները հպարտ է ձեր ժառանգությամբ եւ գրեթե հարյուր տարի առաջ անիմաստ տառապածների եւ զոհվածների հիշատակը հարգելու հարցոււմ ձեր ներդրած ավանդով:

Հիշատակի այս հանդիսավոր օրը մենք կանգնած ենք բոլոր հայերի կողքին` հիշելով «Մեծ եղեռնի» մութ էջերը եւ հանձն առնելով Հայաստանի ժողովրդի համար լուսավոր ապագայի երաշխավորումը:

Նշենք, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, չնայած նախընտրական խոստումներին, նախորդ տարի եւս Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրագործած հանցագործությունը չի որակել ցեղասպանություն` այդ բառը փոխարինելով հայերեն համարժեք «Մեծ եղեռնով» (բառացի` մեծ կոտորած):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ